կարևոր
835 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 13:29

ՀՅԴ-ն պաշտպանելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի անունից մենք մի շարք դեսպանատների, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների նամակով տեղեկացրել ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշել է, որ առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, և այսօրվա իշխանությունը համատարած կերպով իրենց հավանական թեկնածուների նկատմամբ իրականացնում է բռնաճնշումներ, շարունակում է համայնքների ղեկավարների նկատմամբ հետապնդումները, ճնշումները, որ գործող, հեղինակություն ունեցող համայնքապետերը հրաժարական տան։

«Բազմաթիվ գործող քաղաքապետեր, հեղինակավոր մարդիկ խուսափում են ՔՊ-ի ցուցակով առաջադրվել։ Այդ մարդկանց տարբեր մեղադրանքներով մեկուսացնում են, որ ՏԻՄ ընտրություններում կարողանան հաջողության հասնել։ Այն, ինչ կատարվում է մեր երկրում, չենք կարող այդ ամենի հետ համակերպվել»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշել է, որ Գորիսում երկու կուսակցություն «Առուշանյան» դաշինքն են կազմել և այդպես են մասնակցելու ընտրություններին, իսկ ՀՅԴ-ն պաշտպանելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը։

«Տարբեր համայնքներում ունենք տարբեր մոտեցումներ։ Տեղեր կան հանդես կգանք դաշինքով, տեղեր կան՝ առանձին հանդես կգանք։ Բազմաթիվ համայնքներում ՀՅԴ-ն հանդես կգա առանձին համամասնական ցուցակով»,-հայտնել է ԱԺ փոխնախագահը։

««Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ ստեղծվել է «Առուշ Առուշանյան» դաշինք, որով Գորիսի քաղաքապետը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին։ Առուշանյանի կալանքի տակ գտնվելը բնականաբար բարդություններ և դժվարություններ է առաջացնելու, բայց այլ տարբերակ չունենք»,- այս մասին հայտնել է Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ հոկտեմբերի 17-ին կանցկացվեն ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով: Մարդիկ կընտրեն կուսակցություններ, կուսակցությունը կձևավորի ավագանու թիմ ըստ ցուցակի, և ավագանու անդամներն արդեն կընտրեն համայնքի ղեկավարին:

Նշենք, որ ամիսներ շարունակ իշխանությունը հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում Սյունիքի համայնքապետերի նկատմամբ: 

Այս պահին կալանավորված է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը, Մեղրի և Սիսիանի համայնքների՝ հրաժական ներկայացրած ղեկավարներ, ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը:

Բացի համայնքապետերից առանց հիմնավորումների տասնյակ սյունեցիներ բերման են ենթարկվել: Որոտանի բնակիչներն ահազանգում են, որ ոստիկաններն ահաբեկում են և ստիպում համայնքապետերի դեմ ցուցմունքներ գրել: Առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության ղեկավար Արամ Գասպարյանը և անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ Տիգրան Ներսիսյանը: