կարևոր
859 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-09 13:09

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նոր հրամանատար է նշանակվել

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նոր հրամանատար է նշանակվել

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին և Հայաստանի Հանրապետությունում ռուսաստանյան 102-րդ ռազմական բազայի հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում: Միխայիլ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։

Արշակ Կարապետյանը շնորհավորել է նաև գնդապետ Դմիտրի Օվչարովին՝ ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով և կարևորել Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: