18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորները գնացել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ Արմեն Չարչյանին տեսակցության։
«Ե՛վ փաստաբանները, և՛ բժիշկները խոսել են այն մասին, որ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։ Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում և հետապնդում է ո՛չ միայն պարոն Չարչյանի, այլ «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորների ու բազմաթիվ աջակիցների նկատմամբ», - լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորների շուրջ 10 տոկոսն այսօր ձերբակալված է տարբեր շինծու մեղադրանքներով, այդ թվում՝ Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ։
«Սա է ժողովրդավարական արժեքներից խոսող այսօրվա իշխանության կերպարը», - ասել է Սաղաթելյանը։
Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով (ծանր ձև), և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։
«Պնդում եմ՝ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ, և պրոֆեսորն օր առաջ պետք է ազատ արձակվի»,- նշել էր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հայաստան» խմբակցությունն էլ հայտարարություն էր տարածել և նշել, որ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: