կարևոր
2308 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-09 12:22

Խաղողագործներն նորից փակել են Երևան-Երասխ մայրուղին

Խաղողագործներն նորից փակել են Երևան-Երասխ մայրուղին

Արարատի մարզի Տափերական համայնքի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ բողոքելով խաղողի մթերման գնի դեմ։ Գյուղացիներն ասում են, որ, տարածված տեղեկության համաձայն, Տափերական գյուղի գինու, օղու, կոնյակի գործարանները պատրաստվում են խաղողը մթերել 100 դրամով։ 

Համայնքապետարանից ոչ ոք բնակիչների հետ հանդիպման չի եկել: Գյուղացիները պահաջում են կառավարությունից լուծել խաղողի մթերման խնդիրը և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ճանապարհը փակելու համար նրանք օգտագործել են բեռնատար մեքենաներ:

Այս պահին այստեղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում են՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է. էլ չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին.

Նշենք, որ սա խաղողի մթերման հարցով ճանապարհը փակելու առաջին դեպքը չէ: Սկզբում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղի բնակիչներն էին փակել:  Խաղողագործները պահանջում էին մարզպետի և կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում:

Իսկ օրեր առաջ Արագածոտնի մարզի խաղողագործներն էին փակել Երևան-Աշտարակ մայրուղին:  Նրանց խոսքով՝ խաղող մթերողները պայմանագրում հատուկ կետ են մտցրել, ըստ որի գնիջեցում է նախատեսվում՝ պահանջվող որակի խաղող չբերելու դեպքում։  

Հիշեցնենք՝ Կառավարության վերջին նիստին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, թե Հայաստանում այլևս չեն լինելու իրենց բերքն իրացնել չկարողացող խաղողագործներ, այլևս չի լինելու դեպք, երբ խաղողագործները, առանց հիմնավորումների, կփակեն ճանապարհը։