կարևոր
451 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-09 11:35

Կոչ ենք անում ԱԺ խմբակցություններին պահանջել հրաժարվել մասշտաբային և գունագեղ տոնակատարությունից

Կոչ ենք անում ԱԺ խմբակցություններին պահանջել հրաժարվել մասշտաբային և գունագեղ տոնակատարությունից

«Այլընտրանքային նախագծերի խումբը անդրադարձել է երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Կառավարության նիստում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։

Այս գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության տարբեր շերտերի կոշտ արձագանքին, այդ թվում, բնական է, զոհված զինծառայողների ծնողների։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, և այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է։

Իհարկե, մենք պետք է նշենք այդ տոնը։ Բայց ժամանակն է, որպեսզի մենք՝ որպես պետություն, իշխանություն և հասարակություն, հասկանանք, որ տոնը կարելի է նշել՝ համեստ, զուսպ, առանց ավելորդ գունագեղության։ Դիմում ենք կառավարությանը՝ վերանայելու այս ոչ պատեհ՝ «մասշտաբային և գունագեղ տոնակատարութան» որոշումը. սա բերելու է հասարակության նոր պառակտման և նոր լարվածության։

Կոչ ենք անում ԱԺ երեք խմբակցություններին՝ ձևակերպել հստակ դիրքորոշում կառավարության որոշման վերաբերյալ՝ պահանջել հրաժարվել մասշտաբային և գունագեղ տոնակատարությունից։

Հարցն ունի բազմաշերտ բարոյական և ռացիոնալ կողմ։

Երբ երկրում սպառված է առողջապահության պետպատվերի բյուջեն, և օգոստոսի 1-ից պետությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել նույնիսկ վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, անընդունելի է մեծ գումարներ շռայլել տոնակատարությունների վրա։

Մարդկանց առողջությունը, հանրային համերաշխությունը ավելի թանկ ու կարևոր գաղափարներ են, քան՝ իշխանության PR-ը։ Ստացվում է՝ բուժման համար գումար չունենք, իսկ մասշտաբային և գունագեղ տոնակատարության համար, պարզվում է, ունենք։

Հայաստանի անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը գունագեղ տոնակատարությամբ չէ, որ պետք է հարգել. դա կարելի է անել շատ զուսպ, առանց ավելորդությունների, փոխարենը ցույց տալ, որ պետությունը հարգում է անկախության գլխավոր սիմվոլին և կրողին՝ ՀՀ քաղաքացուն»։