կարևոր
1357 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-09 10:52

Վիրահայոց թեմում վերաօծվել է Փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցին

Վիրահայոց թեմում վերաօծվել է Փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցին

Հանդիսավոր մթնոլորտում, դռնբացեքի արարողությամբ և Սուրբ մյուռոնի զորությամբ վերաօծվել է Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի 19-րդ դարի կառույց Սուրբ Հակոբ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմից։ 

Այսպիսով, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը համալրվել է ևս մեկ վերաօծված եկեղեցով:

Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը կատարվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից՝ Նինոծմինդայի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու  և հարակից գյուղերի  հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ:

Աստծու տան վերաօծման արարողությանը ներկա են եղել հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

Հինավուրց եկեղեցու վերաշինության աշխատանքներն իրականացվել էր ծննդով փոքր խանչալցի, այժմ ռուսաստանաբնակ գործարար Արտակ Իսպիրյանի  բարեգործությամբ: Բարերարի խոսքերով, նպատակը եղել է պահպանել հինավուրց եկեղեցին և գյուղի բնակչությանը ընձեռել աղոթելու, եկեղեցական ծեսերին մասնակցելու, պսակ, մկրտություն և այլ կրոնական արարողությունները բարեկարգված եկեղեցում իրականացնելու հնարավորություն: