կարևոր
415 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-08 19:54

Շարունակվում է Թուրքիայի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի ուղերձների փոխանակումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Թուրքիայի նախագահի հետ ուղերձների փոխանակման հերթական փուլում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստ է խոսել Անկարայի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:

Մինչդեռ Ռեջեփ Էրդողանը իր այդ հրապարակային անդրադարձում՝ թշնամանքը վերացնելու մասին սրտաճմլիկ տողերի արանքում, հերթական անգամ Անկարայի նախապայմաններն էր թելադրել՝ հարաբերությունները կարգավորելու համար: Հիմնական պայմանները՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հրաժարվի Արցախից ու, իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչումից: Սրան Փաշինյանը չի անդրադառնում, իսկ ահա հայ-թուրքական երկաթուղին վերագործարկելու Փաշինյանի տեսած հնարավորությունը, թուրքագետ Վարուժան Գեղամյանի պնդմամբ, անիրական է:

Իսկ Փաշինյանը թվարկում է այն երկրների անունները, որոնք հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով քննարկվում է կոմունիկացիաների վերաբացման հարցը՝ այս համատեքստում կարեւորելով երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի եւ Իրանի հետ:

Հասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը Հայաստանի դե ֆակտո իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն»: Ճիշտ «օլիգարխ»-«խոշոր սեփականատեր» բառախաղի նման: Ըստ այդմ, կառավարության ուղեգիծը հստակ է. Հայաստանը պետք է դառնա Թուրքիայից կախյալ կիսապետություն, կամ հենց թուրքական բառերով, «մշակութային ինքնավարություն»: Ու կդառնա, եթե այս ամենը չկասեցվի:

Կառավարության նիստում Փաշինյանը հիշեցնում է նաեւ՝ տրամադրված է վերականգնել Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Եվ Վրաստան մեկնելուց ժամեր առաջ՝ Փաշինյանը անդրադառնում է նաեւ հյուսիսային ու հարավային հարեւանների հետ հարաբերություններին: Փաշինյանի պնդմամբ՝ թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, կարեւորում է՝ Հյուսիս-հարավ նախագիծը:

Մանրամասները՝ Մարին Մելիքսեթյանի տեսանյութում։