կարևոր
1339 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-08 19:24

Չկա մի գերի, որը չի ենթարկվել անմարդկային վերաբերմունքի․ Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայ ռազմագերիներին Ադրբեջանում խոշտանգելու, անմարդկային վերաբերմունքի ենթարկելու մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ հրապարակային զեկույց է պատրաստել: Դրանում թշնամի երկրին միջազգային պատասխանատվության ենթարկելու փաստերը բազմաթիվ են:

Հայ զինծառայողները եւ քաղաքացիական անձինք ենթարկվել են համակարգված ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումների: Նրանց նկատմամբ բռնություն են գործադրել նույնիսկ բժիշկները:

«Խոշտանգումների հիմքում էթնիկ խտրականությունն է»,- պնդում է Հայաստանի օմբուդսմենը: 

Ռազմագերիներին խոշտանգել են, հատկապես, տեղեկություններ ստանալու նպատակով. ստիպել են փառաբանել Ադրբեջանի ղեկավարությանն ու խոստովանական ցուցմունքներ տալ չգործած հանցագործութունների մասին:

Ադրբեջանում խոշտանգող մի քանի հիմնական կառույց կա.  ռազմական ոստիկանությունը, քննչական, նաեւ արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարանները: Պատժիչ, նպատակային ամենօրյա բռնությունը  շարունակվել է ազգային անվտանգության մեկուսարաններում:

Թե՛ այս կառույցները, թե՛ ֆիզիկական անձինք, եւ թե' պետությունը կարող են ենթարկվել ոչ միայն իրավական, այլեւ միջազգային քաղաքական պատասխանատվության՝ մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների տեսքով: 

Oմբուդսմենների ու իրավապաշտպանների համար առաջնային խնդիրն է ստիպել Ադրբեջանին վերադարձնել մեր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Զեկույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ դատական ատյաններին:

Արման Թաթոյանը նաեւ փաստեր է ներկայացնում ադրբեջանցի սահմանապահների կողմից անմարդկային վերաբերմունքի մասին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն էլ տեղեկացնում է ՝ գրեթե ամենօրյա ռեժիմով է ադրբեջանը կրակ է բացում հայկական բնակավայրերի վրա, հետեւաբար, երկու օմբուդսմեններն էլ պնդում են՝ առկա զորքերի փոխարինումը սահմանապահներով որեւէ դրական արդյունք չի տալու: