կարևոր
1675 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-08 18:07

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ։

«Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։

Ողջունելով դեսպանին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ վերջինիս արդյունավետ պաշտոնավարման ընթացքում առավել ընդգծվել է հայ-ֆրանսիական բարեկամական կապերի բնույթը։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպան Ջոնաթան Լաքոտի՝ իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր նպաստը կբերի Արցախի խնդրի արդարացի կարգավորման գործում։

Իր հերթին դեսպան Ջոնաթան Լաքոտն երախտագիտություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իր առաքելությունն է Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանումն ու շարունակական ընթացքի ապահովումը:

Զրույցի ընթացքում դեսպանն արձանագրել է նաև, որ Արցախի հակամարտությունն առաջացրել է բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս չեն արժանացել միջազգային հանրության պատշաճ ուշադրությանն ու գնահատանքին: Այս առնչությամբ դեսպան Ջոնաթան Լաքոտը հավաստիացրել է Նորին Սրբությանը, որ Ֆրանսիան շարունակելու է ջանքեր գործադրել խնդրի արդար և խաղաղ կարգավորման համար:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: