կարևոր
490 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-08 17:56

Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից

Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից

Վճռաբեկ դատարանը 18.08.2021թ.-ին մերժել է վարույթ ընդունել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը, և ուժի մեջ է թողել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, որի ուժով վերջինս ստիպված կլինի ներողություն խնդրել Թագուհի Ասլանյանից, և վճարել 600.000 ՀՀ դրամ: Այս մասին գրառում է կատարել Թագուհի Ասլանյանի փաստաբան՝ Լուսինե Վիրաբյանը:

«Շնորհավորում եմ ոչ միայն Թագուհուն, այլ նաև արդարադատությանը` մանր մանիպուլյացիաներին չտրվելու համար:

Հ.Գ. այս գործով թևակոխում ենք վճռի կատարման փուլ, և հույս եմ հայտնում, որ պատասխանողը կգտնվի խոհեմ, և ինքնակամ կկատարի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը` առանց հարկադրանքի միջոցների»,- գրել է Վիրաբյանը:

Նշենք, որ լրագրող Թագուհի Ասլանյանը հայց  էր ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը վիրավորանք հասցնելու համար հրապարակային կերպով ներողություն խնդրի, ինչպես նաև պահանջել էր, որ դատարանը պարտավորեցնի Սաֆարյանին փոխհատուցում տրամադրել։ Հայցը նախորդ տարվա վերջին մակագրվել էր դատավար Զարուհի Նախշքարյանին։

Հայցի համար հիմք է ընդունվել Սաֆարյանի՝ բազմաթիվ քննադատությունների արժանացած հրավերն ու դրան հետևած  քննարկումը, երբ ՀԽ նախագահը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը։
Երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողներն այնուամենայնիվ ներկայանում են միջոցառմանը, փորձում հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել իրենց խմբագրություն՝ հարցազրույցի, նա պատասխանում է.«Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»: