կարևոր
556 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 17:09

Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նորաստեղծ «Թասիբով» դաշինքը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նորաստեղծ «Թասիբով» դաշինքը

Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Գյումրիում քաղաքական նոր միավորում է ձևավորվել՝ «Թասիբով» դաշինքով։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի տարածքային գրասենյակի նախկին համակարգող, գյումրեցի Կարապետ Պողոսյանն է։ Դաշինքի անդամները մտադիր են ավագանու ցուցակում ներգրավել անվանի գյումրեցիների, ովքեր որեւէ առնչություն չեն ունեցել ոչ ներկաների, ոչ նախկինների հետ։

Նշենք, որ Կարապետ Պողոսյանն ԱԺ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբի պատասխանատուներից մեկն էր։

Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին։ Իշխող կուսակցությունը արդեն իսկ պաշտոնապես հաստատել է տեղեկությունները, որ ՔՊ ցուցակը գլխավորելու է գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև նորաստեղծ «Գյումրին կռնա»-ն։ 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցելու է առանձին․ ցուցակը գլխավորելու է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորորդի Արտյոմ Ղուկասյանը։

Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ն: