կարևոր
1600 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-08 16:43

Արցախի Թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Խնածախ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Արցախի Թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Խնածախ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սեպտեմբերի 8-ին՝ Մարիամ Աստվածածնի Ծննդյան օրը, Արցախի Թեմը կազմակերպել է ուխտագնացություն դեպի Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Ուխտի պատարագը մատուցվել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանի կողմից:

Եկեղեցու պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլև հրեշտակներից էլ բարձր է դասվում: Նրան են նվիրված բազմաթիվ ներբողներ ու շարականներ, նրա բարեխոսությունը հայցելով սկսվում է պատարագի արարողությունը, և բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են նրան՝ որպես Աստվածորդուն ամենամերձ և իր գթառատությամբ մեզ ամենից շատ անսացող սուրբ անձնավորության: Պատահական չէ, որ Արցախում կառուցված եկեղեցիների ճնշող մեծամասնությունը կրում է Աստվածամոր անունը: Հայ եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված է 7 տոն: Սուրբ Աստվածածնի Ծննդյան տոնը անշարժ է, նշվում է սեպտեմբերի 8-ին:

Տեր Անդրեաս քահանա Թավադյանը հավատացյալներին ուղղված խոսքում նշել է, որ  Աստվածածնին պետք է ընդունել որպես ճշմարիրտ մայր, համաքրիստոնեական ծնող և մեր ազգի բարեխոս: «Իր աստվածային շնորհով, մաքրամաքուր զգացմունքներով այնպիսի շունչ, ոգի ու սիրտ տվեց զավակին, որ կարողացավ նրան ընծայել մարդկությանը որպես կատարյալ մարդ և կատարյալ Աստված: Մեր ժողովուրդը շատ լավ է հասկացել Ավետարանի պատգամը, ճիշտ ընթացել այն գաղափարներով, որոնց մարմնացումը փրկություն է բերում ազգին: Մեր մայրերը Մարիամի օրինակով իրենց զավակներին տվել են մարդասիրության, հայրենասիրության և աստվածասիրության հոգին, որոնք արտահայտվել են մեր հայրերի ու եղբայրների կատարած գործերով: Այսօր դժվար օրեր ենք ապրում, սակայն սիրելի կանայք, դուստեր, պետք է վերագտնել այն նույն ոգին, եռանդն ու ուժը, որ ոգևորում և սեր պիտի տա նոր սերնդին»,- ասել է Տեր Անդրեասը:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվել է Մատաղի օրհնություն և բաշխում: