կարևոր
505 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-08 14:31

Իրենց պլանավորած «խաղաղության դարաշրջանի» գինը անասելի ծանր է լինելու մեզ համար. զգոնության հերթական կոչն եմ անում ձեզ. Կարին Տոնոյան

Իրենց պլանավորած «խաղաղության դարաշրջանի» գինը անասելի ծանր է լինելու մեզ համար. զգոնության հերթական կոչն եմ անում ձեզ. Կարին Տոնոյան

Սահմանադրական փոփոխություններին կարելի է անրադառնալ միայն երկրի անվգտանգությունն ու արժանապատիվ ինքնիշխանության հարցերը լուծելուց հետո: Այս մասին գրառում է կատարել «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:

«ՀՀ արդարադատության նախարարությունից ինձ, որպես «5165շարժման» առաջնորդ, հրավիրել էին սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկման:

Հաշվի առնելով, որ հրավերը արդարադատության նախարարության կողմից է, և այս պահին մենք ունենք շարժման կողմից արդարացի պահանջների պատասխաններ ստանալու սահմանադրական իրավունքի ոտնահարում, ես որոշեցի օգտվել այդ հրավերից և վարչապետին ուղղած մեր հարցադրումների պատասխանը ստանալ, դրանք ուղղելով արդարադատության նախարարին:

Այսօր՝ 2021թ. սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպմանը ես հայտարարեցի, որ հավատարիմ մնալով գործող իշխանությունների հետ չհամագործակցելու վերաբերյալ «5165 շարժման» դիրքորոշմանը՝ հանդիպմանը մասնակցում եմ՝ զուտ օգտագործելով այն որպես հարթակ՝ Արցախի հարցի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անվտանգության առնչությամբ նշմարվող վտանգավոր զարգացումների վերաբերյալ հարցերի պատասխանները ՀՀ իշխանություններից ստանալու ակնկալիքով: Նշեմ, որ հայտարարությունից հետո մենք լքել ենք դահլիճը, նշելով, որ սահմանադրական բարեփոխումներից ավելի այսօր հանրության համար առավել կարևոր են երկրի անվտանգության, ազգի արժանապատվության և սահմանային խնդիրների լուծման հարցերը.... և նախ տվեք այդ հարցերի պատասխանները.

Խնդիրը այն է, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հանդես եկող և ՀՀ քաղաքացուն հաշվետու լինելու խոստումով ընտրություններում իշխանություն ստացած վարչապետից պահանջել էինք հստակ պատասխաններ և բացատրություններ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. մասնավորապես, պահանջել ենք պատասխանել այն հարցին, թե ի՞նչ ճանապարհով են ստացվել Թուրքիայից դրական ազդակներ, որո՞նք են լինելու նրա իշխանության կողմից Թուրքիային ուղարկվելիք դրական ազդակները և ու՞մ ու ինչի՞ հաշվին:

Հրապարակավ պահանջել էինք պատասխանել այն հարցին, թե, ի՞նչ ցավոտ լուծումներ են սպասվում մեզ՝ նրա նշած «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ:

Խաղաղության դիմաց նա պատրաստվու՞մ է Հայաստանի Հանրապետության տարածքներ զիջել: Եթե այո, ո՞ր տարածքների մասին է խոսքը: Խաղաղության դիմաց նա պատրաստվու՞մ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը նվազեցնել: Եթե այո, դրա ի՞նչ դրսևորման մասին է խոսքը: Ո՞րն է գործող իշխանությունների անվտանգային քաղաքականության պլանը, որով նախատեսվում է բացել «խաղաղության դարաշրջանը», ո՞րն է խաղաղության գինը:

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում 15.500 ձայն ստացած քաղաքական ուժի կողմից բարձրացված հարցերը ոչ մի ուշադրության չեն արժանացել ինչպես հանրապետության բարձր ղեկավարության, այնպես էլ մասնագիտորեն կոմպետենտ հանրային ծառայողների կողմից:

Հանդիպմանը հայտարարել եմ, որ մեզ համար արդեն հստակ ճանաչելի է գործող իշխանությունների հետևյալ գործելակերպը. հանրային նշանակության ինչ-ինչ խնդիրների, իրադարձությունների շուրջ արհեստական աղմուկ ու լարվածություն առաջացնելով՝ հանրության ուշադրությունը սևեռվում է երկրորդական նշանակության խնդիրների վրա՝ հանրությանը շեղելով կարևորագույն այնպիսի հարցերից, ինչպիսին, օրինակ Արցախի հիմնահարցի, Հայաստանի ինքնիշխան տարածքների առնչությամբ սպասվելիք հույժ վտանգավոր զարգացումներն են: Մենք գիտակցում ենք այս գործելակերպի արհեստական բնույթը և չենք տրվում նման կեղծ օրակարգերի:

Ուստի, ելնելով մեր ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունից, խնդրել եմ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ օրեր առաջ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխաններն ապահովելու հարցում: Միևնույն ժամանակ արդարադատության նախարարին, որպես երկրում արդարությունն ինստիտուցիոնալ առումով ապահովելու պարտական պաշտոնյայի, և նրա միջնորդությամբ ՀՀ վարչապետին, որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության երաշխավորի ուղղել ենք հետևյալ հարցերը.

«Այժմ հանրային խոսույթի մեջ աշխուժորեն շրջանառվում է այն լուրը, որ մոտ ժամանակներում Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է «խաղաղության պայմանագիր» ստորագրել Ադրբեջանի հետ: Համապատասխանու՞մ է այս լուրը իրականությանը, թե՞ ոչ: Եթե այո, ե՞րբ է նախատեսվում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը: Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է ստորագրել պայմանագիր, որով Արցախի համար նախատեսվում է կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Պայմանագիրը նախատեսու՞մ է արդյոք արձանագրում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը «օկուպացրել է» Ադրբեջանի տարածքները: Պայմանագիրը նախատեսու՞մ է արձանագրում առ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանները ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների հիմքի վրա են գծվելու»:

Տեղեկացնում եմ, որ նախարարը խոստացավ պաշտոնապես պատասխանել իմ բարձրացրած հարցերին:

Սիրելի՛ հայրենակիցներ, «5165 շարժմանն» անդամակցում են բազմաթիվ արհեստավարժ մասնագետներ, և մենք ունենք մեր տեսակետները շատ հիմնախնդիրների, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Մենք, անշուշտ, հայտնել ու հայտնելու ենք մեր դիրքորոշումները հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ: Սակայն կարևոր է գիտակցել, որ երկրի առջև ծառացած սպառնալիքների պայմաններում գործող իշխանությունների թելադրած կեղծ օրակարգերին տրվելը նվազեցնելու է մեր դիմադրողականությունը՝ թույլ տալով նրանց անխոչընդոտ բացելու իրենց պլանավորած «խաղաղության դարաշրջանը», որի գինը անասելի ծանր է լինելու մեզ համար: Ուստի զգոնության հերթական կոչն եմ անում ձեզ»: