Այսօր կառավարությունն իր նիստում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կհաստատի, կհամարի անհետաձգելի ու կուղարկի ԱԺ։ Գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
«Այս փոփոխություններն արմատական են՝ նաև անկանխատեսելի հետևանքներով։ Միաժամանակ, այն Հայաստանում ժողովրդավարության ու «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքներից երկրորդի ընտրություն է նշանակում։
Առանց հանրային կոնսենսուսի, իրավական խոցելի գործընթացը թեսթ է թե՛ իշխանության, թե՛ պառլամենտական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ուժերի համար։
Ռեգիոնալ էլիտայի քանակական կրճատումը կբերի բևեռացման մեծացման, պետության թուլացման։ Խոշորացման արդյունքում փոքրաթիվ, քաղաքականացված ու կուսակցականացված ՏԻՄ-երի դերն ու կշիռը կբարձրանա։ Բայց և դրանց համար քաղաքական պայքարը կուժեղանա։
Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ, իսկ ընտրություններից հետո նաև կպրոյեկտվի ՏԻՄ-կառավարություն փոխհարաբերությունների վրա։
Այդպիսով, համայնքների խոշորացման հետևում տեսանելի չէ Հայաստանում տեղական ժողովրդավարության կամ ապակենտրոնացման ամրապնդման նպատակը։
Այն չի փաստարկվում նոր լիազորությունների ու ռեսուրսների փոխանցմամբ»։