Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու՝ Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ շեշտեց, որ լուրջ ապացուցողական բազա ունեն, որ Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ քննչական մեկուսարանը, Արդարադատության նախարարության մեկուսարանների աշխատակիցներն ու ղեկավարությունը ներգրավված են եղել հայ գերիների խոշտանգումների մեջ։
Նա նշեց, որ կան պատասխանատվության մեխանիզմներ, որոնց միջոցով անմիջական կատարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:
Սահակյանի խոսքով՝ երկու կարեւոր ակտ կա, որից մեկը գործում է ԵՄ շրջանակներում, որը վերաբերում է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառման ռեժիմին։ Այստեղ թվարկված են այն արարքները, որոնց պարագայում ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել։
Սահակյանը նախաձեռնողականության պարագայում տեսնում է հնարավորություն, որ ԵՄ-ն քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ։
Նա նշեց, որ կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Իրավապաշտպանները հավաքագրել են փաստերը ու դրանք ներկայացնելու են միջազգային կառույցների ուշադրությանը։ Սահակյանը նշեց, որ հիմնվում են ոչ միայն ռազմագերիների հայտարարությունների վրա, այլեւ դրանք ստուգում են գոյություն ունեցող այլ փաստերի ու տվյալների հետ:
ՀՀ ՄԻՊ-ը հատուկ ընդգծեց, որ զեկույցներն ուղարկելու են միջազգային կառույցներին, այդ թվում նաև միջազգային դատական ատյաններ, բայց պետք է նաեւ այլ մեխանիզմներ գործադրվեն՝ պատասխանատվության կանչելու համար:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ եթե ունենանք դաշնակից գործընկերներ, ապա հնարավոր կլինի իրավիճակը հղել միջազգային քրեական դատարան, որպեսզի ուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում երկու կողմի թույլ տված խախտումները, բայց այդ պարագայում չպետք է հետո դրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, իսկ դա նշանակում է, որ մենք առնվազն պետք է կարողանանք ապահովել Միացյալ Թագավորության ձայնը․ «Իսկ թե Միացյալ թագավորությունն ինչպիսի շահերով է կապված Ադրբեջանի հետ, հասկանալի է, ուստի հնարավոր է՝ դիվանագիտական, քաղաքական աշխատանքի պարագայում հաջողություններ չարձանագրվեն, բայց իրավական հնարավորություն ունենք»,- մանրամասնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ թե՛ խոշտանգումները, թե՛ բռնի անհետացումները, թե՛ միտումնավոր սպանություններն այնպիսի հանցագործություններ են, որոնք պահանջում են անկախ դրանց կատարման տարածքից՝ հետաքննություն։