Խոշտանգումները, նվաստացումները և անմարդակին վերաբերմունքը եղել են լայնածավալ: Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր կամ սնունդ տրամադրել են նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Դեպքեր են եղել՝ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերուն պահելով սոված վիճակում, այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։ Մի քանի դեպք էլ է եղել, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու համար։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն:
Դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ: Ստիպել են ուղղակի տանել ցավը և հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա խփելով։ Ստիպել են հաճախ, որ մարդիկ բժշկական օգնություն կամ սնունդ աղաչեն, դրանից հետո միայն տրամադրել են այն:
Պատահել է, որ ձմռանը գերու ձեռքերը կապել են և ստիպել են այդ վիճակով քնել: Դիտմամբ սառը ջուր են շփել գերու վրա, որպեսզի ավելի ուժեղ տառապանք պատճառեն»:
ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից։
Թաթոյանն ասաց, որ իր հետ առանձնազրույցների ընթացքում գերիները ներկայացրել են, որ ադրբեջանցիները հենց իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցի մասին, սկսել են նորմալ վերաբերվել և առանձազրույցի են ներկայացրել այն մարդկանց, ում նախապես պատրաստել են դրան։
ՄԻՊ-ը նշեց, որ գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքը որոշ դեպքերում ավելի դաժան է եղել, քան՝ զինծառայողների նկատմամբ:
«Եղել են դեպքեր, որ գերվարված հայ կնոջը տեղափոխել են, 6 ժամից ավելի զրկելով սննդից, ջրից, ճանապարհին ծեծի են ենթարկել կամ ընտանիքի անդամների են գերեվարել, բայց չեն ասել ընտանիքի մյուս անդամի գտնվելու վայրը՝ դրանով ավելի մեծ հոգեկան տառապանք պատճառելով գերիներին.
Մի դեպքում գերեվարել են դստերը և հորը, մեկ այլ դեպքում տղային և հորը, դեպքերից մեկով մտել են տուն, գերեվարել են բնակիչների՝ զրկելով սննդից ու ջրից, ճանապարհին ծեծի ենթարկելով, նվաստացնելով, ծաղրելով ազգային պատկանելությունը: Գերեվարված անձն անընդհատ խնդրել է տեղեկություն՝ հոր ճակատագրի մասին և միայն հոգեբանն է տեղեկացրել, որ հայրը մահացել է: Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ գերեվարված քաղաքացիական անձի ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է և մարմինը մի քանի օր մնացել է խցում»: