կարևոր
499 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-08 11:50

Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Կարեն Սարգսյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետ:

Կարեն Սարգսյանն օրեր առաջ ազատվել էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:

Նշենք, որ Կարեն Սարգսյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2020թ-ի փետրվարի 6-ին:

Կառավարության կայքում արդեն հրապարակվել է նրա նշանակումն ու կենսագրությւոնը, որը չափազանց աղքատիկ է։ Պարզվում է՝ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի պաշտոնի հետ կապ ունի այնքանով, որ նա Գեղարքունիքի մարզից է։ Այլ՝ մարզային, համայնքային կառավարման որևէ փորձ ու գիտելիք չունի, պետական ապարատում նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 2018-ին։ Կենսագարականում նշված է, որ 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ 2009-2015թթ.-տեղափոխվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ զբաղվել ձեռներեցությամբ:

Նշված է նաև, որ 2016թ. ընդունվել և սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը:

2018թ.-ին անմիջապես ընդգրկվել է «Իմ քայլի» ցուցակում ու ընտրություններում առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու։ ԱԺ գնալու փոխարեն Սարգսյանը 2019թ. մայիսի 4-ից 2019թ. նոյեմբերի 15-ը եղել է  «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն: 2019թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է «Մելիորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ և պաշտոնավարել մինչև 2020թ. փետրվարի 2-ը։

Իսկ 2020 թվականից մինչև 2021թ սեպտեմբերի 3-ը եղել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Սարգսյանին, արդյոք երկար է ղեկավարելո՞ւ, քանի որ խոսակցություններ կան որ տեղափոխվելու է մարզպետի պաշտոնում:

Կարեն Սարգսյանը պատասխանեց՝ ոնց կորոշի մեր ղեկավարը:

Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր Գնել Սանոսյանը. նա նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: