կարևոր
1648 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-08 09:30

Այսօր` սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը

Այսօր` սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը

Այսօր` սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այս օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ: 

Քրիստոնեական եկեղեցու մեծագույն Սրբուհու` Ս. Տիրամոր ծննդյան տոնն ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում: Եկեղեցական տոնացույցում այն անշարժ տոն է` միշտ նշվում է սեպտեմբերի 8-ին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի, Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է:

Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշնչում, այն փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երեւում է նաեւ Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար եւ իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված:

Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Որպես մայր անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարեւորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: 

Տոնը հրաշալի առիթ է Ս. Տիրամոր կերպարին անդրադարձ կատարելու, նրանից օրինակ վերցնելու և մայրությունը մեծարելու համար: 

Աստվածամոր հանդեպ իր ակնածանքը Հայ եկեղեցին արտահայտել է Սուրբ Կույսին նվիրված յոթ տոներով, նրան ուղղված բարեխոսական մաղթանքներով, ինչպես նաև շարականներով, տաղերով, գովաբանական ճառերով:
 

Աղօթք առ սրբուհի Աստուածածինն
Անկանիմք առաջի քո, սո՛ւրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զԿոյսդ`բարեխօսեա՛ վասն անձանց մերոց եւ աղաչեա՛ զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց: