Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, քիչ առաջ կայացրեց որոշում՝ բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»- ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սասուն Ռաֆաելյանը` նշելով, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման համար։
Չնայած գործը հարուցվել էր շուրջ 1,5 տարի առաջ, սակայն այդ ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել որեւէ ապացույց գտնել՝ մեղադրանք առաջադրելու համար։ Գործը նոր ընթացք է ստացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ ի հայտ են եկել կասկածելի անցյալ ունեցող երկու անձ ու տվել իշխանությունների համար ցանկալի ցուցմունք, որն էլ դրվել է Ա. Հովսեփյանի մեղադրանքի հիմքում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առաջադրված մեղադրանքները որեւէ աղերս չունեն իրականության ու իրավաբանության հետ եւ Աղվան Հովսեփյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները։