կարևոր
2263 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-07 18:31

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ խնդրանքով անդրադարձել է Լաչինի միջանցքի մերձակայքում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին` այն գնահատելով որպես դեէսկալացիային վնասող գործողություն։

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»։

Նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:

Պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել:

Հիշեցնենք, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունները պաշտոնական Ստեփանակերտը դիտարկում է որպես նոր մարտահրավեր։