կարևոր
760 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-07 15:15

Ադրբեջանական կողմը կրակել է հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը կրակել է հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել է տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ 

Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում է 6 քաղաքացիական անձ, մեկը՝ անչափահաս երեխա։
 
Կեսգիշերն անց ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները, որոնց հետևանքով տուժածներ և նյութական վնաս չի արձանագրվել։

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։ 

Խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են այդ բնակավայրերում բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։

Արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը՝ մասնավորապես միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է հանդիսանում նման դեպքերի կրկնության համար։
 
Խիստ օրակարգային է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննությունը, այդ թվում ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ»։