Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Նախկին փախվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նիստի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է նախորդ դատական նիստին առանց դատարանի թույլտվության լքել դահլիճը։ Նրա խոսքով, դատավորը սահմանափակում է իր՝ պաշտպանի լիազորությունները։
Օգոստոսի 24-ի նիստին Ալեքսանյանը պատրաստվում էր դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որը պատրաստելու և գրավոր ներկայացնելու համար պաշտպանին ժամանակ էր անհրաժեշտ։ Մինչդեռ դատավոր Դանիբեկյանը որոշել էր շարունակել նիստը։
«Նախորդ դատական նիստի ժամանակ իմ կողմից նիստերի դահլիճը լքելը չի կարող մեկնաբանվել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում։ Իմ գործողություններն ուղղված են եղել ի հակադրում Ձեր ոչ իրավաչափ գործողություններին, որը Արմեն Գևորգյանի արդար դատաքննության իրավունքի խախտումն է», - նշեց Ալեքսանյանը։ Պաշտպանը նաև անհամաձայնություն հայտնեց իր նկատմամբ դատարանի հետագա ենթադրվելիք գործողությունների և ակնկալվող որոշման դեմ։
Դատարանը, լսելով Ալեքսանյանին, արձանագրեց, որ «օգոստոսի 24-ին նա, առանց դատարանի թույլտվության, լքել է նիստերի դահլիճը, ինչով խոչընդոտել է նիստի շարունակելուն»։
Էրիկ Ալեքսանյանը ցանկանում էր հայտարարություն անել, սակայն դատարանը թույլ չտվեց։ Այնուամենայնիվ նա արեց իր հայտարարությունը։
«Խնդրում եմ իմ՝ որպես Արմեն Գևրոգյանի պաշտպան, պարտավորությունները դադարեցնել, որովհետև դուք հակակրանք ունեք իմ նկատմամբ։ Ես նման պայմաններում այլևս չեմ կարող շարունակել Արմեն Գևորգյանի պաշտպանությունը, ես հայտարարում եմ, որ հետայսու Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել չեմ կարող», - դիմելով դատավորին՝ ասաց Ալեքսանյանը։
Նա նշեց, թե այլ վարույթներում շարունակելու է լինել Գևորգյանի պաշտպանը։ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը։
Արմեն Գևորգյանն էլ հայտարարեց, թե ուզում է պաշտպան ունենալ, որովհետև ինքնուրույն չի կարող գործի մանրամասներին ուշադրություն դարձնել։
Գևորգյանը համաձայն է Էրիկ Ալեքսանյանի հետ, որ նա այլևս չի կարող այս դատավարությունում պաշտպանել իր իրավունքը. նախկին փոխվարչապետն ասաց, թե պետք է մտածի նոր պաշտպաններ ներգրավելու մասին։
Էրիկ Ալեքսանյանի գործողությունները դատարանը գնահատեց ոչ իրավաչափ և նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն։
Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի նախկին փոխվարչապետը կարողանա նոր պաշտպան ներգրավվել այս գործում: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 13:00-ին: