կարևոր
379 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-07 11:22

Մարդիկ հաճախ հայտնվում են անելանելի իրավիճակում Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ պատշաճ ծանուցման պատճառով. ՀՀ ՄԻՊ

Մարդիկ հաճախ հայտնվում են անելանելի իրավիճակում Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ  պատշաճ ծանուցման պատճառով. ՀՀ ՄԻՊ

Շարունակում են չլուծված մնալ կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացիներին պատշաճ ծանուցելու հետ կապված օրենսդրական և գործնական համակարգային խնդիրները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Մասնավորապես, ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ և հետո հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ մարդիկ չեն ծանուցվում իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթների, իրենց գույքի և դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և հարկադիր կատարողի կայացրած այլ որոշումների մասին: Այդ մասին նրանք տեղեկանում են, երբ, օրինակ, ցանկանում են իրենց պարտավորությունները մարել բանկի նկատմամբ, կամ որևէ փոխանցում կատարել, սակայն բանկից տեղեկանում են արդեն իսկ հարուցված կատարողական վարույթի, ինչպես նաև կիրառված արգելանքների մասին:

Պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ կապված՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումների մասին ուշ ծանուցվելու կամ ընդհանրապես չծանուցելու վերաբերյալ:

Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պարզաբանվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021 թվականի փետրվարի 1-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների մատուցման վերաբերյալ «Հիբրիդ փոստ» ծառայությունների պայմանագիր: Հիշյալ պայմանագրի առկայության պայմաններում ուշ ծանուցելու կամ ընդհանրապես չծանուցելու մասով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վիճակագրություն չի վարում: Հարկադիր կատարողն իր որոշումները և ծանուցումներն ուղարկում է նախատեսված կարգով, որի համաձայն՝ կողմերը համարվում են պատշաճ ծանուցված, երբ այդ որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այս առումով մտահոգիչ է այն, որ ներկայում առկա կարգավորումների պայմաններում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի վարում համապատասխան վիճակագրություն գնահատելու համար վերոնշյալ պայմանագրի գործարկման պայմաններում համակարգի գործունեության արդյունավետությունը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային առաքանիների պատշաճ առաքումն ապահովելու առումով: Հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի կայացրած որոշումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են ոչ թե պատվիրված փոստով, այլ փոստային առաքմամբ, այդ որոշումների մասին անձանց պատշաճ ծանուցման ապահովումը պետական վերահսկողության բացակայության պայմաններում էլ ավելի խնդրահարույց է դառնում:

Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը:

Ըստ նշված հոդվածի՝ հարկադիր կատարողը որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին պարտավոր է կցել միայն հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ կատարողական վարույթին հասցեատիրոջ կողմից նամակը ստանալու վերաբերյալ ապացույցը կցելու որևէ պարտավորություն չունի: Նշվածը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ պրակտիկայում առկա են դեպքեր, երբ հասցեատերերը նամակները չեն ստանում, քանի որ, օրինակ՝ որոշ ժամանակ իրենց բնակության վայրի հասցեում չեն բնակվում կամ բացակայում են և այլ պատճառներով:

Արդյունքում, խախտվում է անձի լսված լինելու և փաստաթղթերին ծանոթանալու մարդու իրավունքը, քանի որ նա զրկվում է վարչական վարույթի փաստաթղթերին ծանոթանալու, վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություններից: Նշված հարցին անդրադարձ է կատարվել Պաշտպանի 2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումներով:

Վերոգրյալից հետևում է, որ փոստային առաքանու ուղարկման առավել արդյունավետ եղանակը հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները պատվիրված նամակով ուղարկելն է, որի դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթին կցել հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը: Մինչդեռ, ներկա կարգավորումների ուժով այն պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպերում, երբ կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումը ստանալու փաստով:

Վերոգրյալից բացի, ներկայում կարևոր խնդիր է նաև Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հարկադիր կատարողի ոչ բոլոր որոշումների հրապարակման հարցը, որը ևս բարձրաձայնվել է Պաշտպանի 2018-2019 թվականների տարեկան հաղորդումներում: Հարկ է նշել, որ նշված տարեկան հաղորդումներում բարձրացվել է կատարողական վարույթը կասեցնելու և գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշումներից բացի մյուս որոշումները «azdarar.am» կայքում չտեղադրելու խնդիրը: Նշված խնդրի լուծման կապակցությամբ Պաշտպանն առաջարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ձևավորված իրավակիրառ պրակտիկան համապատասխանեցնել գործող օրենսդրական կարգավորումներին՝ ապահովելով «azdarar.am» կայքում հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթի շրջանակներում կայացրած բոլոր որոշումների հրապարակումը: Մինչդեռ, 2020 թվականի ընթացքում «azdarar.am» կայքում պարբերաբար կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կայքում շարունակվել են հրապարակվել հիմնականում միայն վերը նշված որոշումները, ինչը վկայում է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ:

Առկա վիճակը դատապարտելի է, քանի որ մարդուն դնում է անելանելի դրության մեջ: Լուրջ խնդիր է, որ այն մարդկանց դժվարություններ է պատճառում, բայց այդպես էլ չի լուծվում»: