կարևոր
1897 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-06 19:34

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունները պաշտոնական Ստեփանակերտը դիտարկում է որպես նոր մարտահրավեր

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժությունները պաշտոնական Ստեփանակերտը դիտարկում է որպես նոր մարտահրավեր

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում Քաշաթաղի (Լաչին) շրջանում, որը արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սրանք Բաքվի և Անկարայի առաջին համատեղ զորավարժություններն են արցախյան հակամարտության գոտում:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:

«Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը ռազմական գործողությունների ընթացքում փոխգործակցության և մարտական համակարգման բարելավումն է: Զորավարժություններն ուղղված են նաև հրամանատարների ռազմական որոշումների կայացման ու ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն այդ զորավարժություններն ընկալում է որպես սպառնալիք:

«Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին Արցախի օկուպացված տարածքներում: Մենք սա դիտարկում ենք որպես նոր մարտահրավերներ և հաշվի ենք առնում այս նոր իրողությունները մեր քաղաքականությունը կառուցելիս», – Sputnik Արմենիային հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Նշենք, որ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել: