կարևոր
553 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 19:27

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը ձեռնարկել է Սյունիքի խնդիրներին անդրադարձող ուսումնասիրությունների մրցույթ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը ձեռնարկել է Սյունիքի խնդիրներին անդրադարձող ուսումնասիրությունների մրցույթ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը ձեռնարկել է Սյունիքի խնդիրներին անդրադարձող ուսումնասիրությունների մրցույթ։

«Սյունիքը, ինչպես անցյալում, այնպես էլ այս օրերին կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի ազգային անվտանգության ապահովման ու երաշխավորման առումով։ 2020 թ․ արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել և հողային պահանջներ ներկայացնել Երևանի, Սևանի և, հատկապես, Սյունիքի վերաբերյալ։

Սյունիքի դարպասների անձեռնմխելիությանը նպաստելը, Սյունիքի հայության դիմադրողական ոգու հզորացումը, պանթուրանական ծրագրերը ձախողեցնելը և Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ պայքարը ամբողջ հայ երիտասարդության պարտականությունն է։

Վերոնշյալների լույսի տակ և, հատկապես, «Դեպի Սյունիք» ծրագրի շրջանակներում ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության հետ համագործակցելով, ձեռնարկել է Սյունիքի անվտանգության, ապահովության, ներքաղաքական, ժողովրդագրական և երիտասարդության խնդիրներին անդրադարձող ուսումնասիրությունների մրցույթ։

Ըստ այդմ, կոչ ենք անում 18-27 տարեկան հայաստանաբնակ և սփյուռքի ուսանողությանը մասնակցելու սույն ուսումնասիրությունների պատրաստմանը։

Ուսումնասիրությունները պետք է լինեն հետևյալ թեմաների շուրջ (կարելի է նոր թեմաներ առաջարկել)․

• Սյունիքը 20-րդ դարի զարգացումների լույսի ներքո (պատմական հետադարձ ակնարկ)։
• Սյունիքի անվտանգության խնդիրները (սահմանային, ապահովության) և դրանք լուծելու հեռանկարներ։
• Սյունիքի աշխարհաքաղաքական տեղն ու դերը պանթուրանական ծրագրի իրագործումը կասեցնելու գործընթացում։
• Հայաստանի ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը Սյունիքի խնդիրների առնչությամբ։
• Սյունիք-Սփյուռք հարաբերություններ
• Սյունիքի ժողովրդագրական, տնտեսական, գյուղատնտեսական ներկա պատկերը․ խնդիրներ ու լուծումներ։
• Սյունիքի հանրաճանաչության մակարդակի բարելավման եղանակներ
• Սյունիքը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։
• Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը։

Ուսումնասիրությունները կարելի է ներկայացնել երեք լեզուներով (հայերեն, անգլերեն կամ ռուսերեն)։

Ուսումնասիրությունները պետք է քննվեն այս առիթով կազմված ժյուրիի կողմից, որի անդամներն են՝
-Թադևոս Ավետիսյան, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագետ
-Թերեզա Երեմեան, ԱՄՆ Հայ դատի գրասենյակի վարչական հարցերով պատասխանատու, Վաշինգտոն
-Գևորգ Յակոբճեան, միջազգային օրենքի մասնագետ, Վիեննա
-Մելինե Անումյան, պատմաբան և թուրքագետ, Երևան
-Եղիա Թաշճեան, քաղաքական վերլուծաբան և հետազոտող, Բեյրութ։

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն ուսումնասիրությունների հեղինակները կստանան դեպի Հայաստան թռիչքի երկկողմանի տոմս, ինչպես նաև դեպի Սյունիք ճանապարհորդելու և իրենց ուսումնասիրությունը ներկայացնելու հնարավորություն կունենան։ Հայաստանից ընտրված լավագույն ուսումնասիրությունները կրթաթոշակ կստանան։ Հարկ է նշել, որ լավագույն ուսումնասիրությունների կողքին, մրցանակի չարժանացած, սակայն ժյուրիի հավանությանն արժանացած մնացած ուսումնասիրությունները կհրապարակվեն սոցիալական ցանցերում կամ մամուլում։

Ուսումնասիրությունները կարելի է մինչև 2021 թ․ հոկտեմբերի 15-ը ամբողջացնել հետևյալ հղումով

Ուսումնասիրությունները պետք է գրված լինեն MS Word 2003-2010 ծրագրով, իսկ ծավալը պետք է կազմի նվազագույնը 2500, առավելագույնը 6000 բառ։

Մրցույթի արդյունքները պետք է հրապարակվեն 2021 թ․ հոկտեմբերի 31-ին։

Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար կարելի է դիմել հետևյալ հասցեով՝ [email protected]»: