կարևոր
739 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-06 19:04

Կաշառքի գործով կալանավորված հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Դավթյանին ՊՆ-ը պետական բարձր պարգև է շնորհել

Կաշառքի գործով կալանավորված հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Դավթյանին ՊՆ-ը պետական բարձր պարգև է շնորհել

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նախօրեին պետական բարձր պարգև է շնորհել «սպիտակ բանակի»  հերոսներին: Yerevan.Today-ը գրում է, որ պարգևատրվածների մեջ է եղել նաև կաշառքի գործով կալանավորված հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Դավթյանը:

2018-ի իշխանափոխությունից հետո Դավթյանը զբաղեցրել է Առողջապահության այս ժամանակահատվածի նախարար Արսեն Թորոսյանի տեղակալի պաշտոնը, մեկ տարի անց 2019-ի ապրիլին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց՝  իր իսկ աշխատասենյակում ստացած խոշոր չափի կաշառքի համար

Նշենք, որ Արսեն Դավթյանը 44-օրյա պատերազմի ընթացքում որևէ գործողության չի մասնակցել, սակայն, նրա անունը հայտնվել է պատերազմի ընթացքում զինծառայողների կյանքեր փրկած բուժաշխատողների արժանավորների ցուցակում, ինչի համար էլ ՊՆ գերատեսչական մեդալի է արժանացել:

Ընդգծենք՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված, բայց կալանավայրում ամիսներ անցկացրած ու մինչ օրս 15 մլն դրամ գրավի դիմաց ազատության մեջ գտնվող ԱՆ նախկին փոխնախարարը ներկայում Արմենիա ԲԿ-ի փոխտնօրենն է։ Սա այն բուժկենտրոնն է, որի անունը մամուլում կապվում է ԲԴԽ  նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Մասնագիտական շրջանակներում ոմանք պնդում են, որ սա գործարք է ձերբակալման ժամանակ իր վերադաս Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունք չտալու դիմաց: 

Իրականում պետական պարգևը կարող է լինել որպես պատժից խուսափելու միջոց՝ համաներման մեջ այդ դրույթի առկայության  պայմաններում կամ պատժի կրճատման  միջոցով, այս մասին հաստատում են նաև իրավաբանները:

ՊՆ լրատվական ծառայությունից Արսեն Դավթյանի ստացած պարգևն հիմնավորում են այսպես՝ «Նելսոն Ստեփանյան» պետական հուշամեդալով է պարգևատտրվել Արսեն Դավթյանը, քանի որ պատերազմի օրերին մեծ քանակությամբ վիրավորներ են տեղափոխվել «Արմենիա» ԲԿ, նա որպես փոխտնօրեն համակարգել է այդ վիրավորների  տեղավորման և բուժսպասարկման հարցերը:  

Ու՞մ անձնական հովանավորչությամբ։ Այս հարցը կայքը հղել է Արսեն Դավթյանին:

«Ես չեմ ցանկանում լրագրողների հետ շփվել, խնդրում եմ ինձ հարցեր չուղղել, չեմ օգտվելու իմ իրավունքից և չեմ արձագանքելու իմ մասին տարատեսակ տեղեկություններին»,- հայտնել է փոխնախարարը՝ հրաժարվելով պատասխանել նաև վիճահարույց պարգևի միջոցով 7 տարվա ազատազրկումից խուսափելու նպատակով իբր իշխանության հետ ներքին գործարքի մասին հարցադրումներին:

Փաստորեն, Արսեն Դավթյանին հաջողվել է ոչ միայն ազատվել կալանավայրում անցկացնելուց, այլև ընդգրկվել է կյանքեր փրկած արժանավոր բժիշկների ցուցակում և առաջադրվել ՊՆ հրամանագրով գերատեսչական մեդալի: