կարևոր
340 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 16:55

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2021թ. սեպտեմբերի 9-10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողով։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

«Համաժողովի ընթացքում, որի պաշտոնական մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 9-ին, քննարկվելիք թեմաներից են հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը և այլ թեմաներ։

2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո հայ հավատացյալները զրկվել են պատմական վանքեր և եկեղեցիներ մուտք գործելու իրենց իրավունքից։ Առկա է մտավախություն օկուպացված տարածքներում հազարավոր հայկական եկեղեցիների, պատմական և հնագիտական վայրերի պահպանության առնչությամբ:

Համաժողովի նպատակն է մեկ վայրում համախմբել տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների և առաջատար գիտնականների ու փորձագետների՝ համաշխարհային հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության մասին քննարկումներին մասնակցելու։ Համաժողովի նպատակն է նաև մշակել միջազգային կրոնական ազատության և մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ առաջարկություններ, որոնք կարող են լայնորեն կիրառվել հետագայում:

Սիրով հրավիրում ենք լրատվամիջոցներին լուսաբանելու Մայր Աթոռի կողմից կազմակերպվող համաժողովի ընթացքը:

Գրանցվելու համար խնդրում ենք նախապես դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ՝ զանգահարելով +374(010)517-171, +374(010) 517-175 հեռախոսահամարներին կամ գրելով՝ [email protected] էլ. հասցեին»: