կարևոր
703 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-06 16:08

Նախարարությունը հայտնում է, որ Գառնու տաճարում կայացած հարսանիքը չի եղել ԿԳՄՍ համաձայնությամբ

Նախարարությունը հայտնում է, որ Գառնու տաճարում կայացած հարսանիքը չի եղել ԿԳՄՍ համաձայնությամբ

ԿԳՄՍ նախարարությունը Գառնիում տեղի ունեցած հարսանիքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է.

«2021 թվականի սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ իրավունքի խաթարման երևույթները:

Ըստ այդմ՝ ի պատասխան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 2021 թվականի օգոստոսի 12-ին արգելոցի տարածքում մասնավոր միջոցառում կազմակերպելու վերաբերյալ գրության՝ նախարարությունը հանձնարարել է՝ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր՝ առաջնորդվելով ՀՀ մշակույթի նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի N 430-Ա «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության արգելոցների, արգելոց-թանգարանների և թանգարանների տարածքները վարձակալության տրամադրելու ընթացակարգով» սահմանված պահանջներով:

Ներկայում ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ»: