12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարվա մեջ միայն մեկ անգամ է պատարագ մատուցում, այս տարի ևս իր դռները բացել է հավատացյալների առաջ։
Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտից կրոնավորներն ու հյուրերը ուղևորվել են Աղթամար կղզի։ Վանի ոստիկանությունը շրջակայքում և կղզում անվտանգային միջոցներ է ձեռնարկել։
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պատարագին մասնակցելու համար կղզի թույլ են տվել այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց: Պատարագի ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 12:00-ն եկեղեցին փակ է եղել այցելուների համար:
Նախորդ տարի կորոնավիրուսի համավարկի պատճառով պատարագը եղել էր ոչ մարդաշատ։ Այս տարի պատարագի արարողությունը հանդիսապետել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության գլխավոր քարտուղար և Կրոնական ժողովի ատենապետ, Ծայրագույն Վարդապետ Թաթուլ Անուշյանը։
Նշենք, որ 95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարի սեպտեմբերին՝ Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում։
Թուրք-քրդական զինված բախումների պատճառով Թուրքիայի իշխանությունները միայն 2015-2017թթ․ չէին արտոնել պատարագների անցկացումը։ Եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել է պատարագի մատուցումը Սուրբ Խաչում 2018-ից։
Հիշեցնենք, որ 10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով կառուցված Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին 1113-1895թթ. եղել է Աղթամարի կաթողիկոսների նստավայրը: Կաթողիկոսության վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել են Պոլսի հայոց պատրիարքությանը։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005-ին ձեռնարկել էր Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան:
95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017թթ. ընթացքում Թուրքիայի արևելյան որոշ շրջաններում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէին արտոնել: