կարևոր
796 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-06 15:05

13 տարի առաջ այս օրը ՀՅԴ նախաձեռնությամբ մերժվում էր հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

2008-ի այս օրը՝ սեպտեմբերի 6-ին «Ես Կարսից եմ», «Ես Արդահանից եմ», «Ես Վանից եմ», «Ես Իգդիրից եմ» ցուցապաստառներով հազարավոր հայեր Երևանի կենտրոնական պողոտաներում  էին: ՀՅԴ նախաձեռնությամբ բողոքի հսկայական ակցիան ձգվում էր Երևանի կենտրոնից մինչև օդանավակայան: Կեսօրին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Էյրբաս-319» օդանավը, Երևան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար: Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ սարն էր` հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը, ապա նորի վրա ուղղակի գնդակ էր նկարված: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաեւ Արարատ սարի պատկերը:

Դեռ 2008 թ. հունիսի 23-ին, Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը: «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև»,- հայտարարել էր Սարգսյանը:

Ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի նախագահի հետ միասին դիտելը Գյուլի այցելության վերջին հատվածն էր: Դաշնակցականների սուլոցների և «ճա-նա-չում» վանկարկումների ներքո Գյուլը օդանավակայանից ուղևորվել էր հյուրանոց` ոգևորելու թուրք ֆուտբոլիստներին, ապա Թուրքիայի նախագահին առաջնորդել են Բաղրամյան 26: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները խոսել են երկկողմ հարաբերություների կարգավորման մասին, մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ:

Գյուլը Հայաստանում մնաց միայն վեց ժամ: Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ: Ընթրիքից հետո Սարգսյանն ու Գյուլը ուղևորվել են «Հրազդան» մարզադաշտ: Թուրքիայի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով:

Դաշնակցության բողոքի ակցիաները շարունակվեցին շուրջ երկու տարի՝ ներառելով հացադուլներ, գործադուլներ: Սփյուռքը ևս միացավ շարժմանը: Սփյուռքահայերը Սարգսյանին դիմավորում էին բողոքի տարբեր գործողություններով, նրա հասցեին հնչեցնում տհաճ բառեր, վեր հանվում վիրավորական պաստառներ` նրան հորդորելով չդավաճանել:

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում 3,5 ժամ ուշացումով ստորագրվեց Հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը: Աշխարհի հզոր պետությունների ղեկավարները ժամեր շարունակ համոզում էին կողմերին կատարել այն, ինչն արդեն համաձայնեցված էր, և ինչի համար նրանք ժամանել էին Ցյուրիխ։ 

2010 թվականի հունվարի 12-ին, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումամբ, հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրությանը համապատասխան համարվեցին: Ինչի դեմ ՀՅԴ-ն ևս ընդվզեց:  Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այդ օրերի իր ելույթներում նշում էր, որ գոյություն ուներ արձանագրությունները հակասահմանադրական ճանաչելու 3 գլխավոր պատճառ։ Առաջինը արձանագրություններում տեղ գտած նախապայմաններն են, որոնց մասին Դաշնակցությունը բազմիցս է խոսել։ Բացի նախապայմաններից, ըստ Ռուստամյանի, արձանագրություններում կան դրույթներ, որոնք ուղղակի հակասում էին Սահմանադրությանը։ Եվ երրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը սկսվել եւ իրականացվել է փակ եւ գաղտնի պայմաններում, ինչը նույնպես հակասում է Սահմանադրությանը։

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Հրայր Կարապետյանն էլ իր խոսքում ընդծել էր, որ Սահմանադրական դատարանից պահանջում են եզրակացության մեջ մատնանշել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին ուղղված բոլոր այն սպառնալիքները, որոնք կան այդ արձանագրություններում։

«Ոչ ասելով արձանագրությանը, մենք ոչ ենք ասում Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն, ոչ ենք ասում Ցեղասպանությունը ուրացողներին, ոչ ենք ասում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչողներին», – հայտարարեց Հրայր Կարապետյանը։ 

14 կուսակցություն ևս միացել էր Դաշնակցությանը՝ արձանագրությունների դեմ պայքարում: 

Հայ Յեղափոխական Դաշնակցության համառ և հետևողական պայքարի արդյունքում 2010 թվականի ապրիլի 22-ին ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: 

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Արցախի հիմնահարցի կարգավորմամբ։ 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց այդ մասին: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը։

Հինգ տարի անց՝ 2015 թվականի փետրվարի 16-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմում է ՀՀ ԱԺ՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին։ 

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել էր այս որոշմանը. «Ինչպես մենք ընդգծել էինք 2009 թվականին եւ նաեւ այսօր ենք ասում` Հայաստանը երբեք չպետք է ստորագրի այդ միակողմ համաձայնագիրը: Չնայած Թուրքիայի ակնհայտ ստին, անվերջ նախապայմաններին եւ մեքենայություններին` այս ֆարսը շատ երկար է  շարունակվել: Չնայած Անկարայի ջանքերին` արձանագրությունների եւ ժխտողականության այլ գործիքներով Հայոց ցեղասպանությունը միջազգային հանցագործության փոխարեն որպես երկու ժողովուրդների միջեւ սովորական հակամարտություն  ներկայացնելուն` հայ ժողովուրդը Հայաստանում եւ սփյուռքում շարունակում է մնալ միակամ եւ վճռական Հայոց ցեղասպանության ճշմարիտ եւ արդարացի լուծման հարցում»,- ասել է Հանձնախմբի գործադիր ընօրեն Արամ Համբարյանը:

Եվ վերջապես, պաշտոնավարման ժամկետի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին. 2018 թ. մարտի 1-ին Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընդացակարգը դադարեցնելու հարցով հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին։