կարևոր
1240 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-06 14:23

Առողջապահության նախարարությունն այժմ էլ օրենքով է առաջարկում ազատել չպատվաստված հանրային ծառայողներին

Առողջապահության նախարարությունն այժմ էլ օրենքով է առաջարկում ազատել չպատվաստված հանրային ծառայողներին

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին:

Ըստ այդմ՝ նախատեսվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից սահմանել Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքեր:

Մասնավորապես. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չի թույլատրվում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները և չի տրամադրվում վարձատրություն՝ մինչև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները կատարելը»:

Վերոնշյալ 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով լրացումն է. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթեր ներկայացնելը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։»։

Աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է աշնանը աշխարհում կորոնավիրուսային հիվանդության նոր ալիքի սպառնալիքի մասին՝ խորհուրդ տալով պետություններին ձեռնարկել միջոցներ նոր ալիքի դեմ պայքարելու և վարակի տարածման տեմպերը կանխելու համար:

Օրենքի նախագիծը դրված է հանրային քննարկման մինչև սեպտեմբերի 16-ը:

Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մեծամասնությունը դեմ է քվեարկել այս նախագծին: