կարևոր
2290 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-06 13:15

Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվել է Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին

Արթուր Ղազինյանը  կրկին առաջադրվել է Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին

Մեկնարկել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ըստ Դոնթի բանաձևի, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնն ընդդիմությանն է պատկանում և առաջին նիստում նրա չընտրվելուց հետո, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, 5 օրվա ընթացքում կարող է առաջ քաշել նոր թեկանծություն:

Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ որոշել է գալ այս հանձնաժողով, քանի որ նոյեմբերի 9-ից սկսած՝ շփվելով քաղաքացիների հետ՝ հանձառություն է ստացել բացահայտել այն, ինչ տեղի է ունեցել մինչև սեպտեմբերի 27-ը, մինչև նոյեմբերի 10-ը ու դրանից հետո։

«Հասարակության մեծ զանգվածի մոտ կա խորը կասկած, որ տեղի է ունեցել պլանավորած պատերազմ, պետական դավաճանություն, հայրենիքի հանձնում», - ասաց նա։

Անդրադառնալով իր հարստության մասին հարցին՝ նա ասաց, որ ինքն օրենքով արգելված որևէ արարք չի կատարել, ունեցել է ազատ ժամանակ, կապեր ու հնարավորություն, որ կարողանա ձևավորել իր սեփական կյանքը։ «Ես դա արել եմ արժանապատիվ, ես գաղտնիք չունեմ», - նշեց Արթուր Ղազինյանը։

Արծվիկ Մինասյանը նաև շեշտեց, որ «Հայաստան» խմբակցությանը ժողովրդի տված մանդատն է ապահովում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, և ընդդիմությունն է որոշում իր թեկնածուին, իսկ ՔՊ պատգամավորները պետք է հարգեն ժողովրդի քվեն:

«Մենք վերհաստատում ենք մեր այն պնդումը և պահանջը, որ պարոն Ղազինյանը լիարժեքորեն համապատասխանում է այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը և շեշտեց, որ անձնական կարծիքները չպետք է հիմք դառնան ընդդիմության թեկնածուին ընտրելու համար»: