կարևոր
1804 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-06 12:40

Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նորաստեղծ «Գյումրին կռնա» դաշինքը

Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նորաստեղծ «Գյումրին կռնա» դաշինքը

Գյումրիում նախօրեին ՏԻՄ ընտրություններին ընդառաջ միավորվել են մի քանի ազգային գաղափարախոսություն կրող քաղաքական ուժեր ու կազմել դաշինք, որը կոչվում է «Գյումրին կռնա'»։

Համագործակցության հուշագիր  է ստորագրվել Գյումրիի Ազգային Արժեք Ակումբի, Նժդեհյան Ցեղակրոն, Հայք (Հայկազուններ), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների միջև՝ Գյումրիի համայնքային ընտրություններում միասնական «Գյումրին կռնա'» դաշինքով հանդես գալու վերաբերյալ:

Նշվում է, որ հուշագիրը, սակայն, չի սահմանափակվել միայն ՏԻՄ ընտրություններին առաջիկայում մասնակցությամբ, այլ ձևավորվել է  ազգային-քաղաքական նոր պլատֆորմ, որը գործունեություն է ծավալելու համապետական մակարդակով:

Թե ով կգլխավորի ընտրական ցուցակն, առայժմ չի մանրամասնվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ են նշանակված Շիրակի մարզկենտրոն Գյումրիում , Սյունիքի մարզի  Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Տավուշի Դիլիջան համայնքներում։

Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից ընտրացուցակների ներկայացումը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին, կավարտվի սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 12-17-ը։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։

Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ Գյումրիում կա 123 115 ընտրող։

Այս պահին Գյումրիում որևէ քաղաքական ուժ ընտրացուցակ չի ներկայացրել։