կարևոր
577 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-06 12:26

Մոտ ապագայում սահմանափակումները կհանեն, և հայկական շուկան կլցվի թուրքական ապրանքներով. Թադևոս Ավետիսյան

Մոտ ապագայում սահմանափակումները կհանեն, և հայկական շուկան կլցվի թուրքական ապրանքներով. Թադևոս Ավետիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը e-draft.am կայքում քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ մտցնել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշման մեջ: Հիշեցնենք՝ թուրքական վերջնական սպառման ապրանքների ներկրման արգելքն ուժի մեջ մտավ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից՝ 6 ամսով, այն ևս այդքան երկարաձգվեց 2021-ի հունիսին:

Նախագծի ընդունման դեպքում արգելված ապրանքների ցանկից կհանվեն այն ապրանքատեսակները, որոնք թեպետ հանդիսանում են պատրաստի ապրանք, սակայն մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտադրանքի համար համարվում են հումք կամ միջանկյալ արտադրանք, և որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով լոգիստիկ շղթան և գին-որակ համադրությունը։ Նախագծով «արգելքը չի տարածվում նաև որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչև վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը»։

168.am-ը տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանից հարցրեց, թե արդյոք այս ընթացքում հնարավո՞ր չէր գտնել թուրքականին փոխարինող շուկաներ:

«Ձեր հարցին պատասխանելու համար նախ և առաջ մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ արեցին, որ չգտան, ի՞նչ ծրագիր իրականացրին թուրքականի փոխարինման, այլ շուկաներից ներկրման իմաստով: Մեզ համար ամենացանկալի նպատակադրումը պետք է լիներ, որ տեղական արտադրանքն ամբողջությամբ փոխարիներ թուրքականին, և երկրորդը, որ այլ շուկաներից իրականացվեր ներկրում՝ որպես փոխարինում թուրքական ապրանքների ներկրմանը: Ըստ էության այդ մասին նույնիսկ բավականաչափ քննարկումներ չեղան, ակնհայտ է, որ տնտեսվարողները մնացին մեն-մենակ՝ առանց պետական անհրաժեշտ աջակցության, և, բնականաբար, ի սկզբանե արդեն պարզ էր, որ այդպես է լինելու: Դա ընդամենը օրվա իշխանությունների տվյալ պահին քաղաքական շահից բխող գործողություն դարձավ՝ հիմնված հանրային ընդհանուր տեսակետների վրա, և առաջին իսկ պահից էլ պարզ էր, որ փաստացի առանց հստակ ծրագրի դա դառնալու է ժամանակավոր, և ըստ էության մի պահի նորից վերադառնալու էին:

Թուրքիայի հետ քիրվայության մեկնարկի ընդհանուր ֆոնին նաև, կարծում եմ, որոշակիորեն պարզ է դառնում, որ մոտ ապագայում այդ սահմանափակումներն էլ կհանեն, և ընդհանուր առմամբ այս անգամ արդեն նոր ուժով հայկական շուկան կլցվի թուրքական ապրանքներով:

Հնարավորություններ, այո, կային: Ես առիթ ունեցել եմ ժամանակին ասելու, որ հենց այդ նույն թուրքական ապրանքների մի մասը, որոնք որ ներկրվում են, հիմնականում հագուստ, կոշկեղեն և այլն, դրանց և՛ հումքը, և՛ սարքավորումները չինական էին, և չինական շուկայից էին ներկրվում, շատ հանգիստ նույնը կարող էր կազմակերպել նաև Հայաստանը: Ունենք այն, ինչ ունենք, սա է փաստը»,- ասաց Ավետիսյանը:

Իսկ հնարավո՞ր էր այս ամենը կանխատեսել այն ժամանակ, երբ նոր էին մտցվում սահմանափակումները:

«Այն ժամանակ էլ էր կանխատեսված, որևէ բան չի փոխվել, ուղղակի անհրաժեշտ էին հստակ գործողություններ, ծրագրային մոտեցում պետական մակարդակով, պետական աջակցությամբ, այդ թվում՝ շուկաներ ուսումնասիրելու, տեղական արտադրողներին խրախուսելու առումով, որ կարողանան թուրքական ապրանքին փոխարինողներ արտադրել, դրան գումարած՝ ներմուծման աշխարահագրությունն էր պետք փոխել: Նրանք այդ ուղղությամբ որևէ առարկայական գործողություն և ծրագիր չեն իրականացրել»,- ասաց տնտեսագետը:

Կառավարությունը 2020-ի հոկտեմբերին սահմանափակումների անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում էր Ադրբեջանին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններում, և նպատակ ունեին այս կերպ դադարեցնել հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը՝ միաժամանակ կանխարգելելով նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան: Արդյոք վերացե՞լ է այս վտանգը:

«Այդ հարցն այնքան պարզ ու ակնհայտ պատասխան ունի: Թուրքիան Ադրբեջանին ոչ միայն աջակցում է, այլև հետևողական իրականացնում է այն, ինչին ականատես ենք լինում: Թուրքիայի և թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները չեն փոխվել և չեն փոխվելու, քանի Հայաստանի Հանրապետությունը կա, և քանի հայ ժողովուրդն ապրում է, նրանք խնդիր են դրել ընդհանրապես մեզ բնաջնջելու, ոչ թե մեզ հետ տնտեսապես մրցակցելու, համագործակցելու, կամ այլ մարդկային, դրական նպատակներ երբեք չեն ունեցել և չեն ունենալու: Դա փաստ է, պարբերաբար, երբ ունենում են հնարավորություն և առիթ, դա իրականություն են դարձնում: Այլ հարց է, որ օրվա իշխանությունները կրկին իրենց քաղաքական նպատակներից դրդված և, կարծում եմ, ստիպված տանում են այդ նույն գիծը, տարածաշրջանային խաղաղության անվան տակ հարվածի տակ են դնում մեր երկարաժամկետ ազգային շահերը, այդ թվում՝ նաև տնտեսական դաշտում»: