կարևոր
589 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-09-06 10:01

Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Գերմանիային՝ 0-6 հաշվով

Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Գերմանիային՝ 0-6 հաշվով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում հյուրընկալվեց Գերմանիայի հավաքականին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվեց 0։6 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին, որն աչքի ընկավ 6-րդ եւ 15-րդ րոպեներին։ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը 35-րդ րոպեին խփեց Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի երրորդ գոլը։ 45-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները։

Առաջին խաղակեսում Հայաստանի թիմը կատարեց մեկ հարված․ գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի հարվածը թույլ ստացվեց։

Ընդմիջումից հետո Բունդեսթիմը զարգացրեց հաջողությունը։ 52-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով հաշիվը 5։0 դարձրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը։ 81-րդ րոպեին Տիմո Վերները կարող էր դուբլ ձեւակերպել, սակայն նրա գոլից հետո գրանցվեց խաղից դուրս վիճակ։

Ավելացված առաջին րոպեին գերմանացիների 6-րդ գոլը խփեց «Զալցբուրգի» հարձակվող Քարիմ Ադեյեմին։

Գերմանիայի հավաքականը 12 միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։ Երրորդ տեղ բարձրացավ Ռումինիայի թիմը, որը 2։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին եւ ունի 9 միավոր։

Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականները հանդիպեցին չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում գերմանացիները նույնպես հաղթանակ էին տարել: 1996-1997 թվականներին՝ 1998թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի թիմը պարտվել էր 1։5 եւ 0։4 հաշվով։ 2014-ին տեղի ունեցած ընկերական խաղում Գերմանիան հաղթել էր 6։1 հաշվով։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 5-րդ տուր

J խումբ

Գերմանիա - Հայաստան՝ 6։0 

Սերժ Գնաբրի, 6, 15, Մարկո Ռոյս, 35, Տիմո Վերներ, 45, Յոնաս Հոֆման, 52, Քարիմ Ադեյեմի, 90+1

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան (Դավիթ Տերերյան, 57), Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար (Սոլոմոն Ուդո, 46), Խորեն Բայրամյան (Արտեմ Ավանեսյան, 84), Տիգրան Բարսեղյան (Վահան Բիչախչյան, 70), Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան (Իշխան Գելոյան, 46)։