2137 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-04 12:38

Արցախյան պատերազմի լուսանկարների հեղինակն արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի

Արցախյան պատերազմի լուսանկարների հեղինակն արժանացել է  միջազգային ֆոտոլրագրության մրցանակի

Անտուան Ագուջյանը Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի։ Այս մասին հայտնում է panorama.am-ը։

54-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը «Visa pour l'image» միջազգային ֆոտոլրագրության փառատոնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)  «Visa d'Or» մրցանակի, որն այսօր հանձնվել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8000 եվրո։

Ագուջյանը ներկայացրել էր արցախյան պատերազմում արված տպավորիչ լուսանկարները, որոնք ցույց են տալիս քաղաքացիական բնակչության վճարած ծանր գինը։

Լուսանկարների շարքը կոչվում է «Հայեր՝ վտանգված մարդիկ», որոնք հրապարակել են «Le Figaro» ամսագրում։

54-ամյա լուսանկարիչ Անտուան Ագուջյանը 20 տարի շարունակ լուսանկարելու նյութի որոնումներում շրջել է Մերձավոր Արեւելքում ու Կովկասում։ 2011 թվականին նա դարձավ Թուրքիայում արգելված թեմայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես ունեցած առաջին լուսանկարիչը։

Ինչպես գրում է «Ավրորա մրցանակաբաշխության» կայքը, 1961-ի փետրվարի 6-ին ծնված Անտուան Հարություն Ագուջյանը երեք երեխաներից կրտսերն է։ Նրա մայր Անգինեն եւ հայր Կլեմենտն աշխատում էին տեքստիլի արտադրությունում։ Անտուանը մեծացել ու մինչ օրս բնակվում է Ալֆորվիլում, որը հայտնի է որպես «Սենայի ափին փոքրիկ Հայաստան»։

Նա պատկանում է երրորդ (եւ վերջին) սերնդին, որ անձամբ ճանաչել է ցեղասպանությունը վերապրածներին։ 2000 թվականին լուսանկարիչը հայկական հիշողության թեմայով հավակնոտ մի ծրագիր նախաձեռնեց, որի առանցքում 1915-ի ցեղասպանությունն էր։ Նախագիծը նրան տարավ Երուսաղեմ, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Վրաստան եւ Լեռնային Ղարաբաղ։

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ 2015-ին Flammarion հրատարակչությունը լույս ընծայեց Անտուանի գրեթե 30 տարվա աշխատանքի արդյունքը՝ նրա «Լռության աղաղակ. հայոց հիշողության հետքերը» վերջին գիրքը, որի նախաբանը գրել էր ընկերը՝ կատակերգու դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։