կարևոր
2035 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-04 12:15

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից օկուպացված Վազգենաշենի ազատագրման 29-ամյակը

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից օկուպացված Վազգենաշենի ազատագրման 29-ամյակը

Սեպտեմբերի 4-ին լրանում է Ասկերանի շրջանի Վազգենաշեն գյուղի (ն․ Աբդալ-Գյուլաբլու գյուղախումբ) ազատագրման 29-րդ տարեդարձը։ 20-րդ դարում հայաթափված և թյուրքաբնակ դարձած այս զույգ գյուղախմբերը սեպի պես խրված էին Ասկերանի և Մարտունու շրջանների միջև՝ մշտական սպառնալիք լինելով ինչպես հարակից Ավդուռ, Մյուրիշեն, Սառնաղբյուր, Դահրազ գյուղերին, այնպես էլ Ստեփանակերտի համար կենսական կոմունիկացիաներին։

1992 թ․ մայիս-հունիս ամիսներին մի քանի անհաջող փորձերից հետո սեպտեմբերի 4-ին ի վերջո հաջողվեց լռեցնել Աբդալում և Գյուլաբլուում տեղակայված թշնամական կրակակետերը։ Այստեղ առաջին անգամ գործի մեջ փայլեց Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանի կազմակերպչական տաղանդը։ Աբդալ-Գյուլաբլուի ազատագրումը առաջին խորհրդանշական և շոշափելի բեկումն էր Ադրբեջանի՝ 1992 թ․ ամառային ժամանակավոր հաղթարշավից հետո։

Գյուղի ազատագրման օպերացիայի կազմման գործում անուրանալի ներդրում ունի նաև հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն։

«Այս գյուղը շատերդ կհիշեք հայտնի հետկապիտուլյացիոն վիդեոյով, թե ինչպես էին ադրբեջանցի զինծառայողներն էթնիկ զտում իրականացնում գյուղում՝ դեպորտացիայի ենթարկելով հայ գյուղացիներին և նկարելով դա հեռախոսներով։ Ներկայսումս գյուղը ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից»,-այս մասին նշել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Վազգենաշենը թշնամուն է հանձնվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին։