կարևոր
754 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-04 10:53

Սեպտեմբերի 4-ը ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ, 44-օրյա գոյապայքարի նահատակ Գեղամ Մուշեղյանի ծննդյան օրն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սեպտեմբերի 4-ը ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախագահ, ազատամարտիկ, 44-օրյա գոյապայքարի նահատակ ընկեր Գեղամ Մուշեղյանի ծննդյան օրն է. նա կդառնար 52 տարեկան։

Դեռ երիտասարդ տարիներից անդամագրվելով անկախացող Հայաստանում վերահաստատված ՀՅ Դաշնակցությանը՝ Գեղամ Մուշեղյանն իր մարտական ուղին սկսեց Շուշիի առանձին հրաձգային գումարտակի (3804 զորամաս) կազմում` մասնակցելով Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության համար մղվող ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին:

Նա 1993թ. մայիսի 1-ից մինչև 1993թ. օգոստոսի 31-ը մասնակցել է Ղարաչիլարի, Գյուլաթաղի, Կուսապատի, Հակոբ Կամարիի, Մաղավուզի, Մարտակերտի հեռուստաաշտարակի, Կիզիլ-Կենգերլի, Սոֆիլուի, Բոյախմեդլիի ազատագրական և պաշտպանական գործողություններին, իսկ հրադադարից հետո՝ 1994թ. մայիսի 15-ից մինչև օգոստոսի 10-ը, Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ-դաշտ, կայան֊Մարտակերտ տեղամասի պահպանությանը։

Գեղամ Մուշեղյանն իր մասնակցությունն ունեցավ նաև Ապրիլյան քառօրյային. 2016 թ. ապրիլի 4-ից մինչև 22-ը, ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում իրականացրել է մարտական հերթապահություն Թալիշ գյուղի մատույցներում։

2020 թ. սեպտեմբերի 27-ին «Կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորական գումարտակի 1-ին վաշտի կազմում, որպես դասակի հրամանատար, Գեղամ Մուշեղյանը մասնակցել է մարտական գործողություններին՝ 6֊րդ ՊՇ պաշտպանության տեղամասում:

2020 թ. հոկտեմբերի 2-ին 6֊րդ ՊՇ հրաձգարանի հարակից բարձունքներում, հմտորեն ղեկավարելով ենթակա դասակի գործողությունները, կասեցրել է թշնամու դիվերսիոն հետախուզական գերազանցող ուժերի հարձակումը: Ցավոք, նշված մարտը վերջինը եղավ հերոս հայորդու համար. թշնամուն հասցնելով կենդանի ուժի կորուստներ՝ Գեղամ Մուշեղյանը հերոսաբար զոհվեց։

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար Գեղամ Մուշեղյանը 2007 թ. պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2020 թ.՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու)։

Արցախյան երեք պատերազմի մասնակից դաշնակցական ընկեր Գեղամ Մուշեղյանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում։

Փա'ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսներին։