կարևոր
1513 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-03 19:18

Չարչյանին կրկին քրեակատարողական հիմնարկ են բերել, չնայած առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է․ Արամ Վարդևանյան

Չարչյանին կրկին քրեակատարողական հիմնարկ են բերել, չնայած առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է․ Արամ Վարդևանյան

Այն ինչ հիմա կատարվում է՝ անհասկանալի է։ Նպատակ է հեպանդվում Չարչյանի կյանքը վտանգելու ուղղությամբ. հասել ենք նրան, երբ կալանքն առողջական վիճակի հետ անհամատեղելի է, բայց նրան, անկախ դրանից, կրկին հետ են բերում ՔԿՀ, որտեղ որ նա հասել էր ինֆարկտային վիճակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր, կալանքի տակ գտնվող բժիշկ Արմեն Չարչյանին բուժկենտրոնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու որոշմանը:

«Նախկինում եղել են իրավիճակներ, երբ մահ է արձանագրվել նման դեպքերի հետեւանքով: Պետք է մարդասեր լինել գոնե, դեռ իրավունքի մասին չեմ խոսում, նպատակը ո՞րն է՝ մարդու առողջությունը քայքայե՞լը, հանուն ինչի՞: Չարչյանն ազատության մեջ է եղել, երբ քրեական հետապնդումը կար, ազատ է արձակվել, պատգամավոր է, եւ այդ դեպքում պետք է գան ԱԺ՝ համաձայնություն ստանալու: Հիմա ինչի՞ց են անհանգստանում, մեր հարցերի՞ց, որ կարող ենք տալ Գլխավոր դատախազին»:

Վարդևանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել է, բայց՝ դեռեւս ապարդյուն:

«Որքան գիտեմ՝ բժիշկները նրա առողջական վիճակը բավարար չեն գնահատել, բայց գտել են, որ կարող է ՔԿՀ-ում մնալ: Որեւէ դեսպանատնից մենք այս ամենի վերաբերյալ արձագանք չենք լսում, որ կա ընտրողական արդարադատություն, երեք պատգամավոր կալանքի տակ է, հիմա այդ դեսպանատները որեւէ ասելիք չունե՞ն, գուցե հայերեն լեզվին չե՞ն տիրապետում դեսպանություններում»,-նշեց Վարդևանյանը:

Վարդևանյանը տեղեկացրեց, որ խմբակցության մի քանի պատգամավորներով այցելելու են պարոն Չարչյանին՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ են ՔԿՀ-ում:

Այն հարցին՝ արդյոք հնարավո՞ր է իրավական մեխանիզմներով արդյունքի հասնել նման իրավիճակում, Վարդևանյանը պատասխանեց.

«Շատ մեծ բեռ է իր վրա վերցնում Դատախազությունը՝ թե՛ իրավական, եւ թե՛ մարդկային իմաստով: Ի՞նչ նպատակ են հետապնդում, երբ տեսնում են՝ ինչպես է մարդու առողջական վիճակն իրենց աչքի առաջ վատանում: Դատախազությունը իրավունքին եւ օրենքին պետք է ծառայի, ոչ թե մարդկանց առողջությունը քայքայի»,- եզրափակեց Վարդևանյանը:

Ավելի ուշ Արմեն Չարչյանի հետ հանդիպելուց հետո Վարդևանյանը նշեց․

«ՔԿՀ ղեկավար կազմի վերաբերյալ որեւէ մտահոգություն չունենք՝ իրենց պարտականությունները պատշաճ կատարում են, բայց Չարչյանն առողջական ծանր վիճակում է: Եթե շաքարային դիաբետ ունեցողները նորմայում 50-60 միավոր ինսուլին են ստանում, պարոն Չարչյանը 90 եւ ավել չափաբաժին է ընդունում: Իր բնավորության համաձայն, պրոֆեսորը չի պնդում, որ մասնավոր ԲԿ տեղափոխեն, բայց նրա կալանավորումն անհապաղ պետք է վերացվի: Հարգանք կա անձնակազմի կողմից, բայց նրա առողջությունը դրանով չի վերականգնվելու, պատահական չէ, որ ըստ օրենսդրության՝ կալանքը որոշ իրավիճակներում անհամատեղելի է աողղջական վիճակի հետ, եւ այս դեպքերից մեկը Արմեն Չարչյանի դեպքն է: Հույս ունեմ, որ նրա խափանման միջոցն անհապաղ կվերացվի: Հիմքեր չկան, ավելին՝ վկաները դրական ցուցմունքներ են ներկայացրել դեպքի վերաբերյալ»:

Վարդեւանյանը հայտնեց, որ խմբակցության անդամները հանդիպել են նաեւ «Հայաստան» խմբակցության կալանավորված մյուս երկու պատգամավորների՝ Արթուր Սարգսյանի եւ Մխիթար Զաքարյանի հետ: