կարևոր
676 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-03 09:52

Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց և հիմա առաջատարների ցուցակում է

Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց և հիմա առաջատարների ցուցակում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

Տարածքային առավելություն ունեին դաշտի տերերը, որոնք գնդակին տիրեցին խաղաժամանակի 64 տոկոսը։ Նրանք 11 հարված կատարեցին Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Հայաստանի թիմը 6 հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ, դրանցից 3-ը՝ դարպասին։ Մակեդոնացիները միայն 1 հարված կատարեցին Հայաստանի թիմի դարպասին։

Հայաստանի հավաքականից դեղին քարտով զգուշացվեցին պաշտպաններ Տարոն Ոսկանյանն ու Կամո Հովհաննիսյանը եւ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Դեղին քարտերի հետեւանքով այս խաղից առաջ որակազրկված էին պաշտպան Վարազդատ Հարոյանը, կիսապաշտպան Խորեն Բայրամյանը եւ հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Նրանք հաջորդ տուրում կվերադառնան կազմ։

Հայաստանի հավաքականը J խմբում 10 միավորով պահպանեց առաջին տեղը։ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը 7 միավորով երրորդն է։

Երկրորդ տեղ բարձրացավ Գերմանիայի հավաքականը, որը «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների եւ «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյի թիմին։

Ռումինիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց իսլանդացիներին եւ 6 միավորով չորրորդն է։ Իսլանդիան 5-րդն է՝ 3 միավոր։ Լիխտենշտեյնն առանց միավորի վերջինն է։

Հաջորդ 2 ընտրական խաղում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականի հետ: