«Այս պահին 13 քրեական գործ է հարուցված, 13 քրեական գործով ամեն օր հարցաքննությունների ենք, քննչական գործողությունների ենք. ուզում են խառնաշփոթ ստեղծել, որ գտնեն մի թույլ օղակ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներին։
Նա այս ամբողջ ընթացքում իշխանությունների գտած միակ «թույլ օղակը» համարեց Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանին։
«Նա 4 ցուցմունք է տվել, առաջին երկուսից հրաժարվել է, ասել է, որ Առուշ Առուշանյանը ոչինչ չի ասել և գնացել ենք ընտրությունների։ Կալանքի տակ գտնվելուց օրեր անց տվել է ցումունք ու ասել, որ չէ, Առուշանյանն է ասել, որ պետք է պարտադիր քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»,- ասաց փաստաբանը։
Իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնության համակարգող Զաքար Խոջաբաղյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գորիսում անցկացված ստորագրահավաքին մոտ 9 400 մարդ է միացել՝ չհաշված քաղաքում բնակություն հաստատած տեղահանված արցախցիներին, որոնք նույնպես պահանջում են ազատ արձակել Առուշանյանին։ «Սա ցույց է տալիս, որ հասարակությունը սիրում է համայնքապետին»,- ասաց Խոջաբաղյանը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը հիշեցրեց օրեր առաջ Փաշինյանի կրկնած այն միտքը, թե Հայաստանում գործադիր իշխանությունն արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքին չի միջամտել ու չի միջամտելու, և հավելեց.
«Սրան հաջորդեց հետևյալ միտքը, որ արդարադատություն իրականացնող մարմինները պարտավոր են ուղղակի հաշվի առնել ժողովրդի կարծիքը։ Այս խոսքերի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստի ժամանակ, որովհետև առաջիկայում Գորիսի դատարանը պիտի քննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Գործի ստվար հատորում՝ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքում, ամփոփված է ժողովրդի կամքը, և այդ նույն արդարադատություն իրականացնող մարմինը, համաձայն Փաշինյանի խոսքերի, ուղղակի պարտավոր է սրա հետ հաշվի նստել»,-ասաց Մելքոնյանը:
Փաստաբանը հայտնեց նաև, որ հանդես են գալու համապատասխան միջնորդությամբ, որպեսզի Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրվի խափանման մեկ այլ միջոց, որը կապված չէ ազատության հետ։
«Սրան հավելելու ենք նաև 9400 ընտրողի պահանջը՝ ուղղված վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի փոխվի Առուշանյանի խափանման միջոցը: Անազատության հետ կապ չունեցող ցանկացած միջոցի համաձայն ենք»,-ասաց Մելքոնյանը: