կարևոր
667 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 17:51

Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված վարույթը կարճվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը հիմնավոր չէ․ Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն բավարարեց դատավորի միջնորդությունը։

Գործը կարճելու միջնորդությունը նախորդ նիստին ներկայացրել էր դատավոր Հովհաննիսյանը, դիրքորոշում հայտնելով, որ հարուցման որոշումն անօրինական է, ուստի հենց այս փուլում առանց գործի քննության, այն ենթակա է կարճման:

Միաձայն քվեարկությամբ դատական խորհուրդը գտավ, որ բաց նիստում արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանի ներկայացրած փաստարկներն անհիմն են եւ դատավոր Արման Հովհաննիսյանը իր որոշումն ընդունելիս խախտում չի կատարել։

Հիշեցնենք, որ Արման Հովհաննիսյանը նոյեմբերին ԱԱԾ կողմից ձերբակալված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշում էր ընդունել, ինչը հարցուցել էր իշխանությունների զայրույթը։ Արդարադատության նախարարությունը քաղաքական նպատակներով շտապել էր կարգապահական վարույթ հարուցել, որն էլ դատավորը բողոքարկել էր։ Դատավորի որոշումը դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում։ Սակայն այնտեղ էլ արդեն դատավոր Արմեն Բեկթաշյանն էր մերժել եւ Աշոտ Մինասյանին թողել ազատության մեջ։

Ազգային Ժողովում Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ առաջադրման քննարկումների ժամանակ հայտնի ազատամարտիկին չկալանավորելու դատարանի որոշումը իշխանական պատգամավորները սուր քննադատության էին արժանացրել, իսկ Ջհանգիրյանն էլ հայտարարել էր, թե իր համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է այդ մարդկանց բաց թողնել։

Դատավոր Արման Հովհաննիսյանը հակադարձել էր, թե Ջհանգիրյանը ծանոթ չի այդ դատական ակտին, ինչպես կարող է նման կարծիք հայտնել։

Այսօր արդեն Ջհանգիրյանի կողմից, ի պաշտպանություն դատավորի, կողմ քվեարկությունը վկայում է, որ ԲԴԽ ներկայիս նախագահը Ազգային Ժողովի ամբիոնից այլ բան էր հայտարարում, բայց հետագայում հակառակն արեց։

Նշենք, որ դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մի շարք փաստաբանների զայրույթն է առաջացրել։ Փաստաբանները պնդում են, որ դատավոր Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով փորձում են նրան զրկել անաչառությունից։