կարևոր
640 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 16:53

ՏԻՄ ընտրությունների նշանակումների մասով խախտվում են օրենսդրության պահանջները՝ ոտնահարելով նաև սահմանադրական դրույթները

ՏԻՄ ընտրությունների նշանակումների մասով խախտվում են օրենսդրության պահանջները՝ ոտնահարելով նաև սահմանադրական դրույթները

Վերջապես ՀՀ կառավարությունը ընտրություններ նշանակեց Իջևան, Ստեփանավան, Կապան համայնքներում։ Ցավոք, այս դեպքում էլ, ինչպես տեղական ընտրությունների շատ համայնքների մասով խախտվում են օրենսդրության պահանջները, ինչով էական վնաս են հասցնում՝ ոտնահարելով նաև սահմանադրական դրույթները։ Այս մասին հայտնում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

«Տեղական ընտրությունները նշանակվում են կամ մարզպետների կողմից կամ կառավարության։ Ներկայացնեմ օրինակների ձևով։

Հոդված 120. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները

2. Ավագանու անդամների ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը։

2.1. Համայնքի ղեկավարի ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:

2.2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական), հիմք ընդունելով տվյալ համայնքում ընտրողների թվի վերաբերյալ պետական լիազոր մարմնից նախապես ստացված տեղեկատվությունը: Սույն մասում նշված որոշման գործողությունը չի կարող դադարեցվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Այսպես, հոկտեմբերի 17-ին նշանակված են ընտրություններ միայն Հայաստանի թվով 9 համայնքներում։ Մինչդեռ բազմաթիվ են համայնքները, որտեղ վաղուց լրացել է ավագանիների և (կամ) համայնքի ղեկավարի լիազորությունները, կամ դրանք կլրանան մինչև հոկտեմբերի 17-ը։

Այդպիսի համայնքները տասնյակ են, որոնց մի մասում նշանակվել ու նշանակվում են պաշտոնակատարներ։ Այդ համայնքներից մի մասի հետ կապված կառավարությունը մտադիր է համայնքների մավորում իրականացնել։ Օրինակ, Վանաձոր քաղաք, Թումանյան և այլն, և այլն։ Բայց մտադրությունը կամ չընդունված օրենքը հիմք չէ օրենսդրություն խախտելու համար։

Ավելին, այդ ցանկից դուրս համայնքներ էլ կան, որոնց ՏԻՄ լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի սկզբին։ Օրինակ, Ձերմուկ համայնքը։ Օրինակները շատ են։

120-րդ հոդվածից ակնհայտ է դառնում, որ պաշտոնատար անձինք անգործություն են դրսևորել՝ չնշանակելով ընտրություններ։ Իսկ այն հանամանքը, որ ընտրություններ չնշանակելով նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատար են նշանակում՝ խոսում է անգործության դիտավորության ու քաղաքական շահագրգռվածության մասին։

Հոդված 122.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով տեղի չունեցած համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը` Կառավարության որոշմամբ` ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:

Սույն հոդվածից բխում է, որ, օրինակ, Իջևան, Ստեփանավան, Դիլիջան և շատ այլ համայնքներում ընտրությունները պետք է նշանակվեին ռազմական դրության ավարտից հետո 7 օրվա ընթացքում, ինչը կրկին չի արվել։

Հոդված 122. Արտահերթ ընտրություն նշանակելը և անցկացնելը

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:

2. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Համայնքի ավագանու անդամների ընդհանուր թիվը կիսով չափ նվազելու դեպքում արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով և ժամկետներում:

Հոդված 127. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակն առաջադրելու և գրանցելու ժամկետները

2. …….. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների հերթական ընտրությունը նշանակվում է համապատասխան մարզպետի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որևէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին մարզպետի որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ:

Հոդված 127-ից էլ ակնհայտ է դառնում, որ պաշտոնատար անձինք կոպտորեն խախտել են ՀՀ օրենսդրությունը։

Հիշեցնեմ, որ ընտրություններ չնշանակելը իշխանության անգործություն է, որը քրեորեն պատժելի է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը

1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»: