կարևոր
520 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-02 15:24

Կորոնավիրուսի դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, նկատվել է հիվանդացության երիտասարդացում

Կորոնավիրուսի դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, նկատվել է հիվանդացության երիտասարդացում

Կորոնավիրուսի դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիության աստիճանով, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նկատվում է հիվանդության երիտասարդացում․ այն պայմանավորված է հենց դելտա շտամի հետ։ Նախորդ շաբաթ տեղեկացրել էինք, որ ունենք 20, 28 տարեկան երիտասարդներ։ Ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասել է նախարարը։

Նա նշել է, որ այս պահին մոտ 1600 մահճակալ կա ծավալված, որոնցից 1400-ը զբաղված են։ Ծանր վիճակում է գտնվում 650 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։

«Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ։ Այս պահին իրականացնում ենք քաղաքացիների հոսպիտալացում, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանը նշել է, որ այն քաղաքացիները, որոնք նախկինում չեն ունեցել քրոնիկ հիվանդություններ, նախորդ շտամերի պարագայում ռիսկերից ավելի զերծ էին, ինչը հիմա չի կարելի պնդել։