կարևոր
478 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-09-02 11:43

Շարունակելու ենք լինել Հայաստանի եւ Արցախի կողքին․ Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար

Հայաստանում է Կիպրոսում Արցախի հետ բարեկամության եւ Կիպրոսի «Համերաշխություն» քաղաքական շարժման ղեկավար, մանկաբույժ, դոկտոր Էլենի Թեոխարուսը։ Նա ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Քազանջյանի հետ այցելել է Արցախ, ծանոթացել արցախցիների խնդիրներին։ Էլենի Թեոխարուսի խոսքով՝ իրենք այստեղ են՝ աջակցություն հայտնելու հայ ժողովրդին։ Պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ ՀՅԴ ԳՄ անդամների եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ։

«Մենք Հայաստանում ենք՝ Կիպրոսի ժողովրդի անունից համերաշխությունը փոխանցելու մեր հայ քույր ու եղբայրներին եւ Արցախի ժողովրդին․ նրանք պատերազմի պատճառով հայտնվեցին մի մեծ բանտում, որը ստեղծեցին Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, ինչպես նաեւ Միջին Արեւելքից բերված տեռորիստական խմբերը», - ասաց Էլենի Թեոխարուսը։

ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Քազանջյանի խոսքով՝ հանդիպման առանցքում է եղել Արցախի կարգավիճակի հարցը։

«Մենք նոր ենք վերադարձել Արցախից, որտեղ ունեցանք տարբեր հանդիպումներ։ Քննարկեցինք Արցախի կարգավիճակի հարցը, առանց որի՝ մենք կգնանք մութ ու վտանգավոր արահետներով։ կարեւորեցինք նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցությունը։ Արցախի ժողովուրդը պետք է դուրս գա իր պարտվողական հոգեբանությունից, եւ պետք է վերականգնենք ազգային արժանապատվությունը»,- ասաց Հակոբ Քազանջյանը։

Կիպրոսում Արցախի հետ բարեկամության եւ Կիպրոսի «Համերաշխություն» քաղաքական շարժման ղեկավար, մանկաբույժ, դոկտոր Էլենի Թեոխարուսը Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում 19 անգամ եղել է Արցախում, բազմաթիվ վիրահատություններ արել։ Եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, որտեղ 2 շրջան ղեկավարել է Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Եղել էէ նաեւ Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր։ Բացառիկ դերակատարություն է ունեցել Եվրոպայում Արցախի շահերի պաշտպանության, Հայաստանին եւ Արցախին օժանդակություններ հատկյացնելու գործում։ Թեոխարուսը ասաց՝ շարունակելու է լինել Արցախի եւ Հայաստանի կողքին։ «Մենք միշտ արցախցիների կողքին ենք լինելու եւ ամեն գնով օժանդակելու նրանց՝ դիվանագիտական, քաղաքական դաշտում, Եվրոպայում, քաղաքակիրթ աշխարհում։ Պետք է օգնենք Արցախի ժողովրդին՝ գոյության իրավունքի պահպանման գործում եւ Հայաստանին՝ տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Խաղաղություն եւ բարգավաճում մեր սիրելի երկրին»,-ասաց դոկտոր Թեոխարուսը։

Մանրամասն՝ տեսանյութում