կարևոր
1513 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-02 11:18

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի գործընկերների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի գործընկերների հետ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորների հետ։

ԱՀ Աժ խմբակցությունների ղեկավարները ողջունել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներին և ընդգծել, որ ԱՀ և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները նույնն են, և դրանց լուծման ուղիների առումով նրանք դաշնակիցներ են:

Արցախի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները մեծ ակնկալիքներ ունեն հայաստանյան գործընկերներից՝ իրենց տրամադրված հարթակի միջոցով Արցախը աշխարհին տեսանելի և ընկալելի դարձնելու համար:

Ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսել է երկու հայկական խորհրդարանների ընդդիմադիր ուժերի համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Արմեն Ռուստամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել,որ օրակարգի առանցքային հարցերից է Արցախի հիմնախնդիրը:

«Չնայած ՀՀ խորհրդարանում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը ձախողվել է, այնուամենայնիվ Արցախի հարցը միշտ օրակարգում է և մեր խնդիրները դրանով չեն թուլացել»,- նշել է Արմեն Ռուստամյանը:

Արցախի հարցերի հետ կապված՝ դաշինքի պատգամավորներն ունեն հստակ պատկերացումներ:

3 խմբակցությունների ղեկավարներն էլ նշել են, որ ողջունել են Արցախի հարցով հանձնաժողովի ձևավորումը՝ հակառակ այն թյուրըմռբնման, որ իբր Արցախի խորհրդարանի ղեկավարը Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը դեմ էր:

Խոսելով Արցախի և Հայաստանի ընդհանուր խնդիրների մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նախանշել է միասնաբար գործելու անելիքները:

Հանդիպմանը առաջարկվել է ունենալ հստակ օրակարգ, ստեղծել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների, առկա խնդիրների հաղթահարման միասնական ծրագիր:Արմեն Ռուստամյանը կարծում է՝ պետք է հստակեցվեն Արցախի հարցի շուրջ պատկերացումները և դրանց լուծման ճանապարհը: Այս առումով նա կարևորել է համատեղ, համաձայնեցված փոխգործակցությունը:

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները և որոշել դրանք դարձնել շարունակական: