Հայաստանում ձևավորվում և հաստատվում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են: Այս մասին «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները դեռ փորձում են պահպանել ժողովրդավարական հասարակարգի իմիտացիան, բայց բովանդակային առումով ավտորիատար ռեժիմ է հաստատվում, որին խոչընդոտում է ազատ մամուլը:
Սաթիկ Սեյրանյանը համոզմունք հայտնեց, որ մամուլի դեմ ուղղված այդ քաղաքականության դեմ պայքարելու համար լրագրողների խնդիրն է հնարավորինս շատ դաշնակիցներ ունենալ և համոզմունք հայտնեց, որ թիվ մեկ դաշնակիցը ՀՀ քաղաքացին է:
«Տևական ժամանակ է՝ մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է բացահայտ և քողարկված քաղաքականություն: Իշխանությունները, նրանց սպասարկող շրջանակներն, առանց ավելորդ ձևականությունների, թիրախավորում են լրագրողներին, մամուլն իշխանության համար բաժանված է յուրայինների և օտարների: Մամուլի դեմ սանձազերծված իշխանական արշավն իրականում ուղղված է քաղաքացու՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացման դեմ։ Նախ՝ իրավական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահամանափակել լրագրողների աշխատանքը, ինչի ամենավառ վկայությունը մենք տեսնում ենք այսօր ԱԺ-ում, ընդ որում, սա արվում է բացահայտ ցինիզմով: Իշխանությունը հերթական սահմանափակումն է մտցնում, հետո դա մամուլի ներկայացուցիչների հետ քննարկելու իմիտացիոյով փորձ է անում լայնախոհության և հանդուրժողականության տպավորություն թողնել»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը:
Նա նաև նշեց, որ տպավորություն է ստեղծվում, որ մամուլը և ազատ խոսքն առաջիկայում կարող են հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը իրագործել իր սիրած պողպատե մանդատ։