Օգոստոսի 30-ից ուժի մեջ է մտած Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը, որով քրեականացվում է հայհոյանքը՝ խնդրահարույց է համաչափության տեսանկյունից։ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկմանն ասաց իրավապաշտպան, միջազգային և սահմանադրական իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։
«Եթե քաղաքացիաիրավական պաշտպանությամբ անգամ կարելի է ավելի մեծ նյութական բեռ դնել վիրավորողին, ինչը մեծ զսպող նշանակություն ունի, ապա ինչո՞ւ է պետությունը դիմում քրեաիրավական այդ մեխանիզմներին։
Բացատրությունը մեկն է՝ քրեաիրավական ոլորտ հայտնված անձի իրավունքներն էապես են սահմանափակվում և այստեղ պետությունը նրանց վրա ազդելու լայն լծակներ ունի։ Ըստ էության, քրեականացման միակ նպատակը վախեցնող էֆեկտով ազատ խոսքի դեմ պայքարելն է, քանի որ քրեաիրավական տիրույթ հայտնված անձի անձնական ազատության, տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել, տարբեր քննչական և օպերատիվ գործողությունների կատարման արդյունքում մասնավոր կյանքի, նամակագրության և այլ իրավունքներ կարող է սահմանափակվել։ Հասկանալի է որ այս ամեն ինչը լծակներ են, որոնք օգտագործվելու են ազատ մամուլի դեմ»:
Նա հիշեցրեց, որ դեռևս 2008 թվականին նաև միջազգային գործընկերների հանձնարարականների հիման վրա ՀՀ-ում ապաքրեականացվեց իշխանության ներկայացուցչին վիրավորելը, քանի որ այս հոդվածը սպառնալիք էր ազատ խոսքի դեմ։
Ս. Սահակյանի խոսքով, քրեաիրավական ոլորտի ռեսուրսների ոչ համաչափ բաշխվածության հարց կա, ինչն անգամ սպառնալիք են մեր անվտանգությանն ու պաշտպանվաությանը։
«Օրինակ, ես տեսնում եմ, թե որքան խոցելի է Հայաստանն ադրբեջանական զինծառայողներին իդենտիֆիկացնելու հարցում, որոնք կատարել են լրջագույն պատերազմական հանցագործություններ և եթե նրանց առնչությամբ տեղի ունենար պատշաճ քննություն, մենք կարող էինք ապահովել քրեական պատասխանատվություն հանցագործների համար, որի արդյունքում կուժեղացվեր հայերի պաշտպանավծությունը։ Այս պահին որպես հայ ես ինձ պաշտպանված չեմ զգում, քանի որ այլ անձանց դեմ բացահայտ հանցագործության կատարած անձիք դեռևս իդենտիֆիկացված են, նրանց արարքների քննության հետ կապված լուրջ գործողություններ չեն իրականացվել։ Այսինքն սա նաև զրկում է ավելի մեծ նշանակության հարցեր լուծելու հնարավորությունից»։
Ս. Սահակյանն առանձնացրեց հոդվածի այն կետը, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով։
«Չգիտեմ մասնագիտական տգիտության արդյունք է, թե միտում ունի՝ ծանրացուցիչ հանգամանք է դիտարկվում հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, եթե կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով։
Եթե մենք ուսումնասիրում ենք առհասարակ վիրավորել հասկացությունը Հայաստանի օրենսդրությամբ, ապա Քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքը դա արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, այսինքն չկա հրապարակային արտահայատություն, չի կարող լինել վիրավորանք։ Մենք տեսնում ենք, որ հրապարակայնացումն ինքնուրույն նշված է ու դարձել է ծանրացուցիչ հանգամանք»,- ասաց Ս. Սահակյանը։
Անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հավատարմագրմանը՝ Սահակյանը ընդգծեց, որ հավատարմագրման նպատակը լրագրողի համար արտոնյալ գործունեության պայմաններ ստեղծելն է.
«Հավատարմագրումը չի կարող սահմանափակել լրագրողների գործունեությունը, այլ ճիշտ հակառակը: Թեև ֆորմալ հավատարմագրման գործընթացներ կան, սակայն դրանք չպետք է բովանդակային գնահատում ենթադրեն և պետք է միայն միտված լինեն անձի իդենտիֆիկացիային»:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրավաբանական առումով լրագրողական համայնքը պաշտպանված է: «Պետք է ունենալ հետևողականություն, որպեսզի պատշաճ իրավական ընթացակարգերով վիճարկվեն օրենսդրական նորմերը: Միևնույն ժամանակ լրագրողական համայնքը ակտիվ համայքն է և կարող է ակտվիզմի տարրեր պարունակող այլ միջոցառումներ իրականացնել, որը կիրառվում է միջազգային պրակտիկայում»,- ասաց Սահակյանը: