կարևոր
1066 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-01 15:43

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30 ամյակին նվիրված հատուկ նիստ՝ Արցախի Ազգային ժողովում. ՖՈՏՈՇԱՐՔ

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30 ամյակին նվիրված հատուկ նիստ՝ Արցախի Ազգային ժողովում. ՖՈՏՈՇԱՐՔ

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության  Ազգային ժողովը  հրավիրել է հատուկ նիստ՝ նվիրված Արցախի անկախության հռչակման 30-ամյակին:

Հատուկ նիստին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ կառավարության անդամներ, հրավիրյալներ:

Հատուկ նիստը բացվել է Արցախի օրհներգով, որից հետո զեկույցով հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Խոսելով արցախահայության պայքարի մասին՝ Արթուր Թովմասյանը հույս է հայտնել, որ անկախության հռչակման հետագա հոբելյանները մենք և մեր սերունդները կտոնենք արժանապատիվ կերպով և խաղաղված հոգով.

«Անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի էր, մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք Անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունը ամեն օր պետք է բացեն Անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում»,- իր ելույթում նշել է ԱՀ ԱԺ նախագահը՝ համայն հայությանը կոչ անելով չհուսալքվել, զինվել համբերությամբ: Մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով մեզ բաժին հասած հայրենիքին, բուժել վերքերն ու առաջ գնալ»,- նշել է նա:

Օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Անկախության հռչակագիրը բարի ավետիսի պես Արցախի բարձունքներից տարածվեց և մտավ ամեն հայի տուն: Անկախությունը միայն հռչակագիր չէ, միայն Սահմանադրություն չէ: Սրանք երկուսն էլ անհրաժեշտ են, բայց այն առաջին հերթին անկախ ապրելու արժանապատվություն է: Այսօր մենք պետք է մեր անձը մոռանանք, միանանք հոգեբան հաղորդության և մեր աղոթքներն ու ջանքերն ուղղենք մեր հայրենիքի զորացման վրա, որովհետև ամեն ինչ անհետ կորած չէ: Աստված թողել է այս մնացորդ հացը, որի վրա պետք է ամուր կանգնենք ու առաջ շարժվենք: Անկախության հիշատակի այս տոնին ավելի ակնհայտ է դառնում, որ Արցախի արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը մեր ամբողջ հայության միասնականության մեջ է թաքնված: Եկել է ժամանակը, հատկապես այսքան փորձություններից հետո, որ սկսենք հասկանալ, որ մենք ազգի տարբեր կարկատաններ չենք՝ «հայաստանահայ», «արցախահայ», «սփյուռքահայ» ստորոգելիներով բաժանված: Մենք մեկ ազգ ենք, ուր էլ որ լինենք»,- ասել է Արցախի թեմակալ առաջնորդը՝ համայն հայությանը կոչ անելով զորավիգ լինել Արցախի ժողովրդին, նպաստել նրա հզորացմանը:

Ելույթներով հանդես են եկել ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Վանեցյանը:

Իր խոսքում Դավիթ Բաբայանը նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել, զորացնել Արցախի Հանրապետությունը, ինչը նաև կնշանակի մայր Հայաստանի զորացում և զարգացում. «Այս պահի դրությամբ մեր առջև կանգնած են բազում դժվարություններ, մարտահրավերները շատ լուրջ են, բայց կան նաև հնարավորություններ պահպանելու Արցախը: Դրա համար պետք է, որ արցախապահպանությունը և արցախակենտրոնացումը լինի Հայաստանի և Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային հիմքերից մեկը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից շնորհավորել է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ: Նա նշել է, որ Ադրբեջանը չի հրաժարվել հակահայ քաղաքականությունից և Արցախի ժողովուրդը մի քանի անգամ ստիպված է եղել ապացուցելու իր հաստատակամությունը՝ պաշտպանելու սեփական հայրենիքը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն իր խոսքում կարևորել է Արցախի Հանրապետության հռչակման օրը տոնելը, հատկապես անցած 44-օրյա պատերազմից հետո: «Սա առաջին հերթին ուղերձ է հարևան, թշնամի Ադրբեջանին, որ հայի կամքը անկոտրում է և անկախ վայրիվերումներից, հարաբերական առավելություններից կամ վայրէջքներից, վերելքներից, մեր ժողովուրդը միշտ կարողանում է վերագտնել իրեն, համախմբվել և հաղթահարել ցանկացած փորձություն»:

Իր ելույթում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ Արցախն է այն ամուր շաղախը, որն անքակտելիորեն միացնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: «Արցախում վճռվել ու վճռվելու է մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան: Արցախի հետ ենք: Մեր ուժերի ներածին չափով որևէ ջանք ու եռանդ չենք խնայելու բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգային խնդիրների լուծման հարցերը, որոնք ի վերջո պետք է պսակվեն Արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորմամբ՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմամբ, Արցախից բռնազավթած տարածքների դեօկուպացիայով և դրանցից բխող բոլոր գործընթացներով»,- ասել է Արթուր Վանեցյանը: