կարևոր
925 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-31 22:39

Մեր օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ Արցախի և Հայաստանի ինքնիշխանության վերահաստատում․ Արծվիկ Մինասյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

30 տարվա մեր պատմության մեջ առաջին անգամ Արցախի Հանրապետության անկախության տոնակատարություններին մասնակցելու համար Արցախ մեկնող ՀՀ պաշտոնական բարձրաստիճան պատվիրակություն չկա, բայց ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 11 հոգով մասնակցելու է միջոցառումներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այո, մենք ինքնակազմակերպվել ենք, չնայած կարող են նախատեսվել առանձին հանդիպումներ երկու պառլամենտների ներկայացուցիչների մասնակցությամբ, նույնիսկ որոշակի հանդիսավոր նիստ, բայց դա էական չէ, էականն այն է, որ «Հայաստան» խմբակցությունն իր 11 անձանցով մասնակցելու է այդ միջոցառումներին։ Երկրորդ, մեր գերխնդիրը շարունակում է մնալ Հայաստանի  և Արցախի շահերը։ Եվ մեր կազմի մասնակցությունը, որը ներառում է քաղաքական մի քանի միավորումներ նույնիսկ մեր դաշինքում, արձանագրումն է այն բանի, որ մեր օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ Արցախի և Հայաստանի ինքնիշխանության վերահաստատում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։  

«Թեև Արցախից պաշտոնական հրավերներ ուղարկվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, որպեսզի մասնակցեն տոնակատարություններին, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև սեպտեմբերի 3-ը արձակուրդ է գնացել, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի հայտարարել մասնակցության մասին, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մեկնել Արցախ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության 11 անդամից բացի Արցախ կմեկնեն նաև «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները․ թեև մեկնելու են առանձին, բայց, Արծվիկ Մինասյանն ասաց, Արցախում տեղի կունենա հանդիպում։ Սա, իհարկե, չի կարելի համարել ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական պատվիրակություն, ինչն, անկասկած, վերաբերմունքի դրսևորում է։

Այս իշխանությունը, ինչպես աղետ բերեց Հայաստանի ու Արցախի գլխին, այնպես էլ շարունակում է նույն վիճակում մնալ․ սրանք վախեցած, Արցախը հանձնած, Արցախի անկախությունը ոտնատակ տված, Հայաստանի ինքնիշխանությունը ոտնատակ տված մարդկանց մի խումբ են, որոնք, ակնհայտ է, որ շարունակում են իրենց ազգադավ կեցվածքը։ Ընդ որում, դա կարող է լինել թե՛ հատուկ, թե՛ ոչ հատուկ, թե՛ վախի ազդեցության, թե՛ անձեռնահասության դրսևորում, բայց որ այս իշխանությունը ի վիճակի չէ մեր երկրի շահերը պաշտպանել՝ դա փաստ է»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։